ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։
2015թ. դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի տեղեկատվական հարթակում հրապարակվել է նյութ առ այն, որ թիվ 112 դպրոցում տեղակայված թիվ 8/25 ընտրատեղամասում ընտրողը 2 անգամ է քվեարկել, իսկ հանձնաժողովը չի արձանագրել խախտումը:
Ահազանգում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, մի երիտասարդ, մոտենալով թիվ 8/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մայիս Հարությունյանին, կնքելու համար վերջինիս է տվել իր անձնագիրը և քվեածրարը, որի ժամանակ հանձնաժողովի անդամը նկատել է, որ տվյալ անձն արդեն մեկ անգամ քվեարկել է, քանի որ անձնագրում արդեն իսկ առկա է եղել դրոշմակնիքը, և կանչել հանձնաժողովի նախագահին: Նույն պահին երիտասարդը վերցրել է անձնագիրը և շտապ հեռացել ընտրատեղամասից: Նշված փաստն արձանագրվել է թիվ 8/25 ընտրատեղամասի գրանցամատյանում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Կատարված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է թիվ 8/25 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ նշված ընտրատեղամասում քվեարկելու փորձ է կատարել մեկ այլ՝ թիվ 8/20 ընտրատեղամասի ընտրող Գ.Խաչատրյանը։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ վերջինս 2015 թվականի դեկտեմբերի 6-ին իր ընտրատեղամասում՝ թիվ 8/20, մասնակցել է հանրաքվեին, ապա գնացել թիվ 8/25 ընտրատեղամաս՝ փորձելով այնտեղ ևս քվեարկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին