Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենների ապօրինի հրամաններով ազատված ու դատավճռով վերականգնված ուսուցիչների պարապուրդի գումարն այսուհետ վերականգնվում է տնօրենների գրպանից

Հունվար 15,2016 13:29

2014 թվականի օգոստոսի 22-ին մամլո հաղորդագրություն էի տարածել «Քաղաքապետարանը չի կանխում դպրոցի բյուջեն վատնելու շարունակական փաստը» վերնագրով, որտեղ փաստեր էի ներկայացրել այն մասին, որ Երևանի թ.27 դպրոցի նախկին, արդեն դատապարտված տնօրենի ապօրինի հրամանների արդյունքում դպրոցի բյուջեին նկատելի վնաս է հասցվել:

Որոշ ժամանակ անց Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցությունների արձանագրության մեջ ներառվեց թ. 136 հսկողականը, որով քաղաքապետը հանձնարարում էր ուսումնասիրել քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների տնօրենների հրամաններով աշխատանքից ազատված աշխատակիցների դատական կարգով նախկին աշխատանքում վերականգնվելու հետ կապված դատական վեճերն ու ապօրինի հրամանների արդյունքում բյուջեին պատճառված վնասը վերականգնել տվյալ տնօրենի գրպանից:

2015թ. դեկտեմբերի 2-ին քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ նման 3 դեպք է արձանագրվել և մեկի դեպքում գումարը վերականգնվել է, մյուս երկուսինը ընթացքի մեջ է:

Իմ 08.12.2015թ. գրավոր հարցմանն ի պատասխան պարզվեց, որ 04.01.2015թ. հենց թ.27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանն է 3.064.335 դրամ գումար փոխանցել Դերենիկ Դեմիրճյանի անվան թ. 27 դպրոց ՊՈԱԿ-ի հաշվեհամարին:

Ի՞նչ է ստացվում, դպրոցի տնօրենը կարող է խոշոր չափերի գույքային վնաս պատճառել պետությանը, դատապարտվել, այնուհետև վերականգնել գումարը: Միաժամանակ ապօրինի հրամաններ արձակել, դպրոցին զրկել երեխաների համար ցանկալի ուսուցիչներից, ովքեր դատարանի վճռով վերականգնվել են, դպրոցի բյուջեից վճարվել է նրանց պարապուրդը, հետո այդ գումարն էլ վերականգնվել է դատապարտված տնօրենի գրպանից ու այդ ամենից հետո դպրոցի կառավարման խորհուրդը միաձայն նրան նորից ընտրել է նույն դպրոցի տնօրեն: Իհարկե բոլորս ասում ենք՝ տեսնես ո՞վ է այս կնոջ հովանավորն ու հարցին անձամբ էլ պատասխանել եմ, բայց դպրոցի կառավարման խորհրդում մանկավարժներ ու ծնողներ կան, որոնց շահերը, թվում է, ցանկացած տեսակետից հովանավորի շահերի հետ անհամատեղելի են, տարօրինակ է, բայց փաստորեն՝ համընկնում են:

Այսքանից հետո ինչպե՞ս են իրենց զգում դպրոցի կառավարման խորհրդի անդամները:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
Խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031