Արցախի նախագահի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2015թ. արդյունքների ամփոփմանը եւ 2016թ. անելիքներին:
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա խնդիրները: Նախագահը 2015 թվականին իրականացված աշխատանքները գնահատել է բավարար:
Նախագահ Սահակյանի խոսքով՝ տարածաշրջանում եւ աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ բարդ ու լարված, ինչն առաջադրում է նաեւ ռազմավարական բնույթի նոր խնդիրներ:
Նախագահն ընդգծել է, որ պաշտպանության բանակը միշտ եղել է եւ կմնա Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության եւ բնականոն զարգացման հիմնական երաշխավորը՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնելով իր բարձր առաքելությունը ցանկացած պայմաններում:
Կարդացեք նաև
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտոնատար այլ անձինք: