2015թ.-ին ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել Հայաստանում` ցուցաբերելով ուժեղ աջակցություն երկրի տնտեսությանը բարդ տնտեսական միջավայրում, որի վրա բացասաբար է ազդել տարածաշրջանային ճգնաժամը:
ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է 14 ծրագիր, և այս տարվա ընդհանուր ներդրումները կազմում են 140 մլն ԱՄՆ դոլար՝ Հայաստանում Բանկի գործունեության 24 տարիների ընթացքում աննախադեպ մակարդակ, որը հստակ վկայում է թե՛ երկրում ներդրումային հնարավորությունների և թե՛ ՎԶԵԲ-ի ֆինանսավորման բարձր պահանջարկի մասին:
ՎԶԵԲ-ի ներդրումային գործունեությունը ամենաուժեղն էր ֆինանսական հաստատությունների, տրանսպորտի, համայնքային ենթակառուցվածքների, արդյունաբերության, առևտրի և ագրոբիզնեսի ոլորտներում: ՎԶԵԲ-ն ունեցել է ևս մեկ ուշագրավ տարի բանկերի հետ համագործակցության ոլորտում՝ առևտրի ֆինանսավորում տրամադրելով Հայաստանի կորպորատիվ հատվածին: Իր ռազմավարությանը համահունչ, ՎԶԵԲ-ն աջակցել է տեղական բանկային ոլորտին՝ բարձրացնելով տեղական արժույթով ֆինանսավորման մակարդակը և օգնելով կապիտալի շուկաների հետագա զարգացմանը, աջակցել է նաև ոլորտի կոնսոլիդացիայի: Բացի այդ, ՎԶԵԲ-ը մասնակցել է Զվարթնոց միջազգային օդանավակայանի շրջադարձային միջազգային սինդիկատացմանը, որը կապահովի զգալի նոր ռեսուրսներ Հայաստանում հետագա ներդրումների համար:
Առևտրի ֆինանսավորման ոլորտում Հայաստանը դարձել է ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրից առավել ակտիվ օգտվողը՝ ստանալով ընդհանուր առմամբ 48 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն տեղական բիզնեսների համար: Կենտրոնանալով հանրային ռեսուրսների էկոլոգիապես մաքուր և կոմերցիոն եղանակով տրամադրման վրա՝ ՎԶԵԲ-ը ստորագրել է երկու մունիցիպալ ծրագիր Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ: Երևանի կոշտ թափոնների ծրագիրը ներառում է դրամաշնորհային աջակցություն Եվրոպական միության կողմից, իսկ Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը ստացել է E5P հիմնադրամի առաջին դրամաշնորհը Հայաստանում:
Կարդացեք նաև
Մեկնաբանելով ներդրումների ռեկորդային մակարդակը, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն ասել է. «Հայաստանի համար ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու՝ ՎԶԵԲ-ի ունակությունը վկայում է մեր հաճախորդների բանկայնության և Հայաստանում ընդհանուր ներդրումային միջավայրի մասին: Դժվարին արտաքին միջավայրում մենք հետևողականորեն կենտրոնանում ենք ռեսուրսների հատկացման նորարարական և ռազմավարական եղանակների վրա, որոնք հավելյալ արժեք ունեն մեր ներդրումային գործընկերների և բարձր որակի բիզնեսների համար: ՎԶԵԲ-ը հետևողականորեն ապացուցել է իր՝ կայուն գործընկեր լինելը»:
2015թ.-ին ՎԶԵԲ-ը նաև հրատարակել է Հայաստանի գծով նոր՝ քառամյա ռազմավարություն, որը նպատակ ունի բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը, զարգացնել կապիտալի շուկաները և տեղական արժույթով ֆինանսավորումը, շարունակել զարգացնել ենթակառուցվածքները և առևտրականացնել հանրային ծառայությունների տրամադրումը:
«Թեև 2016թ.-ը, ամենայն հավանականությամբ, դժվար տարի է լինելու, ես մի շարք նոր հնարավորություններ եմ տեսնում Հայաստանում մեր հաճախորդների բազայի մեծացման առումով, իսկ մի քանի գործարքների հեռանկարներ արդեն իսկ հասունացման փուլում են: Ընդհանուր առմամբ, ես լավատես եմ, հատկապես կապիտալի շուկայի զարգացման և մասնավոր կապիտալում ներդրումային գործունեության ընդլայնման առումով: Միևնույն ժամանակ մենք շատ գոհ ենք մեր գործընկերների, այդ թվում կորպորատիվ հաճախորդների, պետական մարմինների և դոնորների աշխատանքից. նրանք բոլորը օգնեցին 2015թ. արդյունավետ տարի դարձնել», – շարունակել է պարոն Դեյվիսը:
1992թ. Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.13 մլրդ ԱՄՆ դոլար 148 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսն արվել է մասնավոր հատվածում:
Մամլո հաղորդագրություն