Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Չեմ հավատում, որ կլինի հեղափոխություն, առավել ևս «Նոր Հայաստանի» միջոցով»

Հունվար 15,2016 12:05

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով` 2017-ի ընտրությունները լինելու են ՀՀ նորագույն պատմության ամենակարևոր ընտրությունները: Այս համատեքստում «Զարկերակ» ակումբում քաղաքագետը ներքաղաքական զարգացումների որոշ կանխատեսումներ արեց. «Նիկոլ Փաշինյանի ուժը կփորձի լրացնել «Ժառանգության» տեղը, քանի որ սպասվում է այդ կուսակցության հետագա կազմալուծում»:

Aravot.am-ի հարցին` որտեղի՞ց նման հավատ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի նկատմամբ, մանավանդ, որ այդ ուժը, ի տարբերություն ասենք «Ժառանգության», վերջին շրջանում բավականին պասիվ է, պարոն Մինասյանը պատասխանեց. «Այն դաշտը, որն այս պահին զբաղեցնում է «Ժառանգությունը», մի նիշա է, որը փորձել են զբաղեցնել այլ ուժեր: Մինչ «Ժառանգությունը» այդ դերը փորձել է խաղալ ՕԵԿ-ը` արևմտամետ, Երևանի կենտրոնի և սփյուռքի ուշադրությունը զբաղեցնող, ճիշտ խոսքերով ժողովրդավարության մասին խոսող ուժ: «Ժառանգության» դեպքում ունեցանք իրավիճակ, երբ կազմալուծվեց կուսակցությունը: Հիմա տեսնում ենք, որ «Ժառանգություն» խմբակցությունում միայն մեկն է այդ կուսակցությունից: Արդյոք Նիկոլ Փաշինյանի ուժը կկարողանա՞ զբաղեցնել այդ դերը` չգիտեմ, բայց կոնկրետ այս պահին այդ նիշայում գործող ուժը գոնե տեսականորեն կարող է զբաղեցնել այդ նիշան: Կարող է քաղաքական հրաշք լինել ու «Ժառանգություն» վերականգնել»:

Հետաքրքրվեցինք` «Նոր Հայաստանը» հնարավո՞ր է վերածվի կուսակցության, պարոն Մինասյանը պատասխանեց. «Իրավիճակը ՀՀ ներքաղաքական դատում այնպիսին է, որ տարբեր գաղափարներ և քաղաքական կողմնորոշում ունեցող ուժեր են, որ ինստիտուցիոնալ քաղաքական կուսակցություն դժվար թե կարողանան կազմակերպել, բայց որպես դաշինքի հիմք կարող է դա գործել, նաև չի երաշխավորվում, որ հարյուր տոկոսանոց արդյունք կարող են ունենալ 2017-ի ընտրություններին»:

Հարցին` հավատու՞մ է, որ «Նոր Հայաստանը» կհասնի հեղափոխության, պարոն Մինասյանը պատասխանեց. «Չեմ հավատում, որ կլինի հեղափոխություն, առավել ևս, որ այդ ուժը կարող է դա անել: Չունեն համապատասխան ռեսուրսներ` մարդկային ու նյութական ու նման հայտարարություններ այնքան են արել: Բայց այս պահին իշխանություններն առանձնապես նրանցից վտանգ չեն զգում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031