Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդության թվերն ամեն օր աճում են, իսկ նախարարությունը միայն օրերս է որոշել վերահսկողության տակ վերցնել սահմանները. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 15,2016 11:57

Կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն երեկ հայտարարել է, թե երկրում սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ է նկատվում, իսկ մի քանի օր առաջ նախարարությանը հանդարտության կոչ էր անում ազգաբնակչությանը։ Ավելին՝ առողջապահության լրատվական ծառայությունը լրագրողների հետ օպերատիվ աշխատելու փոխարեն՝ նրանց կոչ-հորդոր էր ուղղում՝ օգտվել բացառապես պաշտոնական տեղեկատվությունից։ Իսկ պաշտոնական տեղեկության տվողները ժամանակ առ ժամանակ անհասանելի էին դառնում՝ խուսափելով իրենց անմիջական պարտականությունները կատարելուց։

Ավելին՝ H1N1 վիրուսի դեմն առնող «Տամիֆլյու» դեղամիջոցի լուրջ «դեֆիցիտ» է առաջացել դեղատներում։ Մարդիկ ծանոթ-բարեկամով են կարողանում հայթայթել բավականին թանկ դեղամիջոցը։

Նախարարությունը ստեղծված իրավիճակում իրազեկող սոցիալական «ռոլիկներ» պատրաստելու եւ դրանցով հեռուտաընկերությունները ողողելու փոխարեն՝ 15 օր է զբաղված է հանգստության կոչեր տարածելով։ Հասկացանք, որ պետք չէ ավելորդ խուճապային տրամադրություններ հաղորդել առանց այդ էլ խուճապի մատնվելու հակվածություն ունեցող ազգի մեջ, բայց ճիշտ հակառակ թատրոնն էլ բեմադրել մի բուռ ազգաբնակչության դեպքում՝ այնքան էլ հասկանալի չէ։

Մեկ այլ իրողություն. թվերն ամեն օր աճում են, իսկ նախարարությունը միայն օրերս է որոշել վերահսկողության տակ վերցնել սահմանները։ Մինչդեռ չհրապարակված վիճակագրության համաձայն՝ խոզի գրիպով տառապողներն ու դրանից մահացածների զգալի մասը վերջին օրերերին գտնվել են հարեւան Թուրքիայում եւ Պարսկաստանում ու չի էլ բացառվում, որ շատերն արդեն հիվանդ վիճակում են հասել Հայաստան։

Վերջիվերջո՝ նաեւ նման իրավիճակներում է քաղաքացին զգում՝ ունի արդյո՞ք պետության, այդ պետությունը պատասխանատվություն կրո՞ւմ է իր համար, թե՞ ոչ։ Այո, բժիշկներն այս օրերին անհնարինն են անում, սակայն խոսքը հնարավորինի ու անհնարի մասին չէ, խոսքը ոլորտի կազմակերպվածության, օպերատիվության ու ժամանակին կանխարգելիչ գործողություններ իրականացնելու մասին է։

Արձանագրենք՝ էլի ուշացանք ու այս ամենի ֆոնին ամենեւին էլ սփոփիչ չեն նախարարության մասնագետների «հարցազրույցներն» այն մասին, թե աշխարհում գրիպից տարեկան քանի միլիոն մարդ է մահանում եւ կամ ինչպես են տարրեր երկրներում հաշվարկվում համաճարակի շեմերը։

Պե՞տք է արդյոք ստեղծված վիճակում օգտագործել համաճարակ բառը, թե՞ ոչ՝ անպտուղ քննարկում է։ Կարեւորը ստեղծված իրավիճակի հաղթահարումն է՝ նվազագույն կորուստներով։ Իսկ նվազագույն կորուստների «շեմը» մենք անցել ենք։ Ապացույցը՝ ամեն օր արձանագրվող մահվան դեպքերն են։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031