Գրիպի եւ սուր շնչառական վարակների մասին համացանցում հոդված է հրապարակել ուկրաինացի հայտնի մանկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Եվգենի Կամարովսկին, որտեղ նա նաեւ մի շարք խորհուրդներ է տվել, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել։
Բայց մինչ այդ հիշեցրել ու ընդգծել է, որ գործողությունների տակտիկան բացարձակապես պայմանավորված չէ այն բանով, թե վարակն ինչ անվանում ունի։ «Էական չէ՝ գրիպը սեզոնայի՞ն է, խոզի՞, փղի՞, պանդեմի՞կ, թե՞ ընդհանրապես գրիպ էլ չէ։ Կարեւոր է միայն այն, որ դա վիրուս է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ ախտահարում շնչուղիները։ Սրանից էլ բխում են կոնկրետ գործողությունները»,- գրում է Կամարովսկին։
Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին՝ նա նշում է. «Եթե դուք (ձեր երեխան) հանդիպեք վիրուսի, իսկ ձեր արյան մեջ չլինեն պաշտպանիչ հակամարմիններ, դուք կհիվանդանաք։ Հակամարմիններն առաջանում են, եթե կա՛մ արդեն մեկ անգամ վարակվել եք, կա՛մ պատվաստում եք ստացել»։ Պատվաստվել Կամարովսկին խորհուրդ է տալիս, բայց երկու պայմանով՝ նախ եթե մարդն առողջ է, երկրորդ՝ եթե պատվաստվելու համար անհրաժեշտ չի լինելու պոլիկլինիկայում հերթ կանգնել «փսլնքոտած» բազմության մեջ։ Ուկրաինացի մանկաբույժը նաեւ հայտարարում է, որ գոյություն չունեն հաստատված կանխարգելիչ արդյունավետությամբ դեղամիջոցներ։ «Այսինքն՝ ոչ մի սոխ, ոչ մի սխտոր, ոչ մի պղպեղով օղի, ձեր կուլ տված կամ երեխաների բերանը խոթած ոչ մի հաբ ունակ չեն պաշտպանել շնչառական վարակներից ընդհանրապես եւ գրիպից մասնավորապես։ Այն ամենը, ինչի համար ձեզ կոտորում եք դեղատներում, բոլոր այդ իբր հակավիրուսային միջոցները, իբր իմունիտետն ամրապնդող եւ խիստ օգտակար վիտամինները, բոլոր այն ամենը, ինչ այսօրվա դրությամբ դեղատներից անհետացել են եւ այն ամենը, ինչով կառավարությունը խոստացել է առաջիկա օրերին լցնել դեղատները, չապացուցված արդյունավետություն ունեն։ …Այդ դեղերի հիմնական օգուտը հոգեթերապիան է: Դուք հավատում եք, ձեզ օգնում է: Ես ուրախ եմ ձեզ համար։ Միայն թե կարիք չկա գրոհել դեղատները։ Այն դրան արժանի չէ»,- վստահեցնում է նա։
Մանկաբույժը հիշեցնում է, որ վարակի աղբյուրը մարդն է եւ միայն մարդը, ուստի որքան մարդկանց հետ շփումը քիչ լինի, այնքան կնվազի վարակվելու հավանականությունը։ Նկատում է, որ իմաստուն կլինի կարճ տարածություններն անցնել ոտքով՝ խուսափելով հանրային տրանսպորտից կամ, օրինակ, մի ավելորդ անգամ չմտնել սուպերմարկետ։ Դիմակն, ըստ նրա, օգտակար է, բայց ոչ համադարման։ Հիվանդն անպայման պետք է կրի դիմակ, եթե շուրջն առողջներ կան, որովհետև այն թեպետ չի կանխում վարակի փոխանցումը, բայց իր մեջ պահում է թքի կաթիլները, որոնք առավել հարուստ են վարակով։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում