2016թ. Համաշխարհային ռիսկերի զեկույցը թվով արդեն 11րդ հրապարակումն է, որ նվիրված է համաշխարհային ռիսկերի ու դրանց հետևանքների, հետագա զարգացումներին և փոխազդեցությունների գնահատմանը: Զեկույցը մշակվում և հրապարակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից: Զեկույցի վերլուծությունը հիմնված է 140 երկրներից 750 անկախ փորձագետների հարցման վրա, ովքեր առանձնացրել են մոտակա 10 տարվա 29 գլոբալ ռիսկեր` գնահատելով ըստ հավանականության և ազդեցության ուժգնության: Ընդհանուր առմամբ, ռիսկերը դասակարգվում են հինգ հիմնական խմբի` հասարակական, տեխնոլոգիական, տնտեսական, բնապահպանական և աշխարհաքաղաքական:
Ստորև ներկայացնում ենք զեկույցում առանձնացված գերակա ռիսկերը՝ դասակարգված ըստ հավանականության և ըստ ազդեցության ուժգնության.
Ուշագրավ է, որ Կլիմայի փոփոխության ռիսկը ներառված էր ամենաազդեցիկ ռիսկերի ցանկում վերջին մի քանի տարիների ընթացքում, իսկ այս տարի այն ներառվեց նաև ամենահավանական գլոբալ ռիսկերի հնգյակում: Դրան հաջորդում են զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման և ջրային ճգնաժամի ռիսկերը` համաձայն ազդեցության ուժգնության չափանիշի:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը․ «Գործազրկությունը և էներգակիրների գների կտրուկ տատանումները բիզնեսի վարման տեսանկյունից ամենահիմնական գլոբալ ռիսկերն են: Դրանց հետևում են տեղական կառավարման ձախողումները, ֆիսկալ ճգնաժամերի և կիբերհարձակումների ռիսկերը»: Ընդ որում, Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի տարածաշրջանի գործարարներն առանձնացրել են ֆիսկալ ճգնաժամերի ռիսկը, գործազրկության, ինչպես նաև անկառավարելի գնաճի ռիսկերը: ԱՄՆ-ում գործարարներին առավել անհանգստացնող ռիսկերն են կիբերհարձակումների հետ կապված ռիսկերը, իսկ Եվրոպայում՝ ֆիսկալ ճգնաժամերի, էներգակիրների գնային կտրուկ տատանումների ռիսկերը:
Ըստ Մանուկ Հերգնյանի՝ Հայաստանում գործարարությանը սպառնացող անմիջական առավել էական ռիսկերի թվին են պատկանում ֆիսկալ ճգնաժամի, արտարժութային, հումքային ռեսուրսների գնային տատանումների, ինչպես նաև տարածաշրջանում ռազմական դիմակայության սրման ռիսկերը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ ժողովրդագրական և անվտանգային հավասարակշռության խախտման ռիսկերը։
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն
«Տնտեսություն և արժեքներ»-ը` «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հետազոտական թևը, մտավոր կենտրոն է, որը ձգտում է ներմուծել զարգացման նոր հայեցակարգեր բարձրակարգ միջազգային կապերի, լավագույն որակավորում ունեցող վերլուծաբանների և խորհրդատուների ցանցի միջոցով:
«Ի-Վի Քոնսալթինգ»-ը գործարար խորհրդատվական, հետազոտական և ֆինանսական միջնորդի ծառայություններ է մատուցում նորարարության և մրցունակության ձգտող կազմակերպություններին:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
www.ev.am, www.evconsulting.com