Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող նախապես չարդարանան, թե ԵԽԽՎ-ում բոլորը ծախված են»

Հունվար 15,2016 15:00

Ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավարի`  ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն էլ հայաստանյան պատվիրակության նախագահի ոչ ճիշտ ընտրությունն էր:

Հունվարի 25-ին Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Oրակարգում ներառված է երկու հակահայկական զեկույց` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով: Մեկը՝ ԼՂՀ-ի, մյուսը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ է:
Ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանի` պետք է բանակցությունների ուղարկվեն նյութին, լեզվին տիրապետող մարդիկ: Պետք է կարճ ու հասկանալի տեղեկանք պատրաստված լիներ, որտեղ ներկայացված լիներ իրավիճակը եւ Մինսկի խմբի համանախագահների տեսակետը, եւ այն բաժանվեր ԵԽԽՎ պատգամավորներին. «Թող նախապես չարդարանան, թե ԵԽԽՎ-ում բոլորը ծախված են: Այնտեղ նորմալ, հասկացող մարդիկ են: Չի կարելի մարդու հասցեին կանխավ մեղադրանքներ ներկայացնել:

ՀՀ-ից հայտարարում են, որ այնտեղ բոլորը կաշառված են նավթադոլարներով՝ առանց նշելու կոնկրետ մարդկանց: Եթե դա որեւէ ԵԽԽՎ պատգամավորի հասնի, ինքն իրեն վիրավորված կզգա: Կամ արհամարհական է, երբ ՀՀ-ում ամենաբարձր մակարդակներում հայտարարում են, թե ԵԽԽՎ բանաձեւերը իրավական ուժ չունեն: Այդ դեպքում ո՞րն է այնտեղ աշխատանքի իմաստը: Իրականում ուժ ունեն, դրանք հավասարազոր են անգամ ՄԱԿ-ի բանաձեւերին: Ի վերջո այնտեղ նստած են այլ երկրների պատգամավորներ, գործադիր մարմնում էլ ներկա են ԱԳ նախարարները: Ի վերջո՝ դա քառասունից ավելի երկրների տեսակետն է»: Հարցին` այս բանաձեւերը հունվարյան նստաշրջանին ի վերջո վեհաժողովը կընդունի՞, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Շատ բան կախված է ՀՀ պատվիրակության վարվելակերպից: Եթե ՌԴ պատվիրակության մանդատի հարց քննարկվի, ու մեր պատվիրակությունը ստանձնի ՌԴ-ի փաստաբանի դեր, եւ ավելի պրոռուսական դիրքորոշում ունենանք, քան Սերգեյ Լավրովը, ապա պատվիրակների մեծամասնությունը ցանկացած հակահայկական բանաձեւի կողմ է քվեարկելու»: Հովհաննես Իգիթյանը նկատում է, որ հակահայկական զեկույցների ալիքը հատկապես բարձրացավ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո:

Մեր այն դիտարկմանը` ԵԽԽՎ պատվիրակների մեծ մասը ԵԺԿ անդամներ են, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովներին, ուստի երկրի ղեկավարն այս հարցում անելիք չունե՞ր, մի՞թե չէր կարող կանխել այս զեկույցների առաջադրումը, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Միայն Սերժ Սարգսյանից չխոսենք: Տեսեք, թե Ադրբեջանի պատվիրակությունն ինչ հավակնություններ ունի` փոխնախագահի, հանձնաժողովի ղեկավարի: Չեմ կարծում, որ ՀՀ պատվիրակները նման ակտիվություն են դրսեւորում: Իհարկե, Սերժ Սարգսյանը շանս ուներ, բայց մյուս կողմից՝ ՀՀ-ն ամեն տեղ դիտարկվում է որպես ՌԴ մաս, ինչպես ժամանակին թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել էր, որ Ղարաբաղի հարցում պետք է ՌԴ-ի, ոչ թե Հայաստանի հետ բանակցենք»:

Հետաքրքրվեցինք` ՀՀ-ում ընդդեմ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդգրկված հակահայկական զեկույցների ստորագրահավաքը արդյունավե՞տ պայքարի ձեւ է, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Եթե դա լիներ ստորագրահավաք եվրոպական երկրներում, դեր կխաղար, դա կլիներ ընտրողների ճնշումը պատգամավորների հանդեպ, կամ հայ համայնքին սփյուռքի նախարարությունը կազմակերպեր: Անգամ եթե Ստրասբուրգում ԵԽԽՎ մուտքի մոտ 200-300 հոգի բողոքող մարդիկ հավաքվեն, դա ավելի մեծ դեր կունենա: Ի վերջո, միայն հարյուրամյակով չի որոշվում հայ ազգի միասնականությունը, սփյուռքը միայն փող հավաքելու համար չէ: Սա ի վերջո արժանապատվության եւ արդարության, ԼՂՀ-ին վերաբերող հարց է»:

Պարոն Իգիթյանի կարծիքով` այս իրավիճակին հասել ենք մի շարք բացթողումների պատճառով: Դրանցից մեկն էլ պատվիրակության կազմի ու հատկապես նախագահի ընտրությունն է: Ըստ նրա` նեղանալու բան չկա, սակայն Հերմինե Նաղդալյանը, որը ՀՀ ԱԺ-ում հսկայական կազմակերպչական աշխատանքներ է իրականացնում, չի կարող ինչպես որ հարկն է՝ կատարել ԵԽԽՎ-ում իր պարտականությունները: Հետաքրքրվեցինք` ո՞ւմ է տեսնում այդ պաշտոնում, պարոն Իգիթյանը որոշ անուններ նշեց. «Օրինակ` Ալեքսանդր Արզումանյանը` իր մեծ փորձով, Վարդան Օսկանյանը՝ իր գիտելիքներով, Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը՝ իր փորձով: Կամ Արտակ Զաքարյանը, որ ամբողջովին արտաքին հարցերով է զբաղված: Դա նեղանալու բան չէ. ամեն մեկն ունի իր ուղղվածությունը եւ զբաղվածության աստիճանը: Խոսքը նաեւ ընդդիմադիրների մասին է, որ ԵԽԽՎ հարթակը չօգտագործեն միայն «Սերժ, հեռացի՛ր»-ի համար»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031