Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» առաջարկում է ընտրական գործընթացում ներդնել մատնահետքով քվեարկության էլեկտրոնային համակարգ

Հունվար 15,2016 14:30

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո այս տարի՝ 2016 թվականին, պետք է ընդունվի Ընտրական նոր օրենսգիրքը: Դրա շուրջ քննարկումներն Ազգային ժողովում կսկսվեն փետրվարին:
Որոշ ժամանակ առաջ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումներին: «Առավոտ»-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը: Նա հավելեց, որ եթե իրենց միջազգային գործընկերները ցանկանան միջնորդ լինել կամ իրենց հովանու ներքո քննարկումներ կազմակերպել, «Ժառանգությունը» կներկայացնի իր մոտեցումները:

«Եթե եռակողմ քննարկում կազմակերպվի, խնդիր չեմ տեսնում: Բայց իշխանությունների հետ քննարկման մեջ մտնելու իմաստը չեմ տեսնում, որովհետեւ ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված իրենք չընդունեցին մեր առաջարկները: Այն կեղծիքները, որ տեղի ունեցան դեկտեմբերի 6-ին, ցույց տվեցին, որ իրենք քաղաքական կամք չունեն ինչ-որ ժողովրդավարական քայլ անելու»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխման առնչությամբ իրենց առաջարկները մի քանի տարի է՝ նույնն են մնում: «Եթե ցանկանում են, կարող են այդ առաջարկներն ընդունել: Բովանդակային առաջարկներ են, որոշ մասնիկներ կարող են փոխվել, բայց բովանդակային առումով՝ ոչ: Ընդդիմությունն առաջարկում է մատների թանաքոտում: Ես կարծում եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգանալուն զուգահեռ՝ մատնահետքի միջոցով քվեարկությունը էլեկտրոնային տարբերակով պետք է իրականացվի: Բոլոր տեղամասերում պարտադիր պետք է տեսանկարահանում լինի»:
Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ Հայաստանի բոլոր 1997 տեղամասերում տեսանկարահանող սարքերը, իրենց հաշվարկներով, կարժենան մոտավորապես մեկուկես միլիոն դոլար: Մեր դիտարկմանը, թե Հայաստանի սուղ բյուջեի պայմաններում դա շատ մեծ ծախս կլինի, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց, որ կարելի է դրամաշնորհ ստանալ եւ այդպես գնել. «Անցած անգամ էլ միջազգային կազմակերպությունները պատրաստ էին ֆինանսավորել, դրամաշնորհ տրամադրել այդ նպատակով: Ես կարծում եմ, որ հիմա առավել եւս կցանկանան»:

Ըստ նրա՝ եթե իշխանությունները նմանատիպ նորմալ, բովանդակային քննարկումներ անցկացնեն Ընտրական օրենսգրքի շուրջ եւ ընդունեն, ցանկացած միջազգային կազմակերպություն դրամաշնորհ կտրամադրի տեսախցիկները գնելու համար: «Իսկ մեկ տարին բավականին երկար ժամանակահատված է ընտրություններին ընդառաջ, որպեսզի իրենք այդ ամբողջ կազմակերպչական աշխատանքն իրականացնեն: Ամեն ամիս ինտերնետի արագությունը մեծանում է, դաշտը մեծանում է: Մեկ տարի հետո կարող է մի տեղ կենտրոնական սերվեր լինի, եւ ցանկացած քաղաքացի մտնի, տեսնի, թե ինչպես է ընթանում քվեարկությունը մատնահետքով»:

Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է նաեւ, որ քվեարկած քաղաքացիների ցուցակը հրապարակվի. «Սրանք շատ պարզ քայլեր են եւ կմաքրեն քվեարկության գործընթացը կեղծիքներից: Իհարկե, ամբողջությամբ չեն կարող մաքրել, եթե չկա քաղաքական կամք: Ծեծուջարդ է տեղի ունենում տեղամասում, լցոնումներ եւ այլն: Ոստիկանություն է կանչում հանձնաժողովի նախագահը, չեն գալիս, ինչի՞ մասին է խոսքը»:

ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031