Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն «բարձրացնում է խաղաղության գինը»

Հունվար 15,2016 14:00

Վերլուծաբան, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը` ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ հարցով փակ լսումների եւ Ալիեւի վերջին հայտարարության մասին:

– Հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովում ԼՂ հարցով փակ լսումներ են եղել: Հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել արագացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության վերաբերյալ Ռոյս-Ինգըլ առաջարկությունների իրագործումը: Դրանք են՝ շփման գծում դիպուկահարներ չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջեւ համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ հավելյալ դիտորդների տեղակայում, որոնց միայն Ադրբեջանն էր ընդդիմացել: Ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմաններում լարվածության այս փուլում ԱՄՆ Կոնգրեսում փակ քննարկման անցկացումը եւ նման լուծումների առաջքաշումը կարո՞ղ է որեւէ իրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման հարցում, մանավանդ որ՝ ԼՂՀ-ում իրավիճակի սրացման վերաբերյալ ռուսաստանցի պաշտոնյաներն էլ տարեսկզբին իրենց մտահոգությունները հայտնեցին:

– Ես կարող եմ, այսպես ասած, միայն փորձագիտական տեսակետ հայտնել, քանի որ փաստացի տեղեկացված չեմ, թե ինչ քննարկումներ են կազմակերպվել, որոնց, ի դեպ, մասնակցել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքը: Տպավորություն է, որ Ադրբեջանը զորքերի շփման գծում լարվածությունը փորձում է գործիք դարձնել եւ լայնածավալ պատերազմի վերսկսման սպառնալիքով հասնել իր համար ցանկալի արդյունքի: Խնդիրն, իմ կարծիքով, այն է, թե արդյոք համանախագահ երկրներն ունե՞ն կոնսոլիդացված մոտեցում, որ Ադրբեջանի նման կեցվածքն անընդունելի է: Այսինքն՝ համանախագահներն ընդունո՞ւմ են, որ զինադադարի պայմանագիրն է բանակցային գործընթացի արդյունավետության հիմքը: Եթե՝ այո, ապա Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան պետք է համատեղ հայտարարեն, որ հանդիսանում են 1994թ. մայիսի 12-ին ստորագրված զինադադարի համաձայնության երաշխավորը: Այդ դեպքում Ադրբեջանը պարտադրված կլինի վերանայել իր բանակցային դիրքորոշումը: Առանձին երկրների կողմից ցուցաբերվող մտահոգություններն, իմ տպավորությամբ, Ադրբեջանի համար գայթակղություն են ստեղծում, որ եռանախագահությունը միասնական չէ, իսկ դա հնարավորություն է, որպեսզի պաշտոնական Բաքուն մշտապես խուսանավի ուժային կենտրոնների միջեւ եւ ԼՂ խնդիրը թողնի կոնյունկտուրայի դաշտում: Չեմ կարծում, թե ԱՄՆ Կոնգրեսի քննարկումները կարող են գործնական արդյունքի բերել շփման գծում իրավիճակի առումով, բայց դրանց քաղաքական կարեւորությունը գնահատելի է:

– Առհասարակ, Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը կարծես ակտիվանում է հարցի կարգավորման իր նախաձեռնություններում: Հունվարի 1-ին Թվիթերում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել էր. «Պետք է ակտիվացնել աշխատանքը 2016-ին բանակցությունների ճանապարհով կարգավորման ուղղությամբ: Կողմերն ասում են, որ պատրաստակամ են: Ե՞րբ, եթե ոչ՝ հիմա»: Սրանք հերթական մտահոգություննե՞րն են, թե՞ հաշվի առնելով աշխարհաքաղաքական, նաեւ տնտեսական զարգացումները՝ Մինսկի խումբը կարող է ազդել Ադրբեջանի վրա:

– Մինսկի խումբը կողմերի վրա ազդելու մեխանիզմներ չունի: Միջնորդները գործում են իրենց մանդատի շրջանակներում, այն է՝ աջակցել, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ-բանակցային ճանապարհով, իսկ վերջնական կարգավորումը բավարարի բոլորին: Բայց դա տեսություն է, գործնականում շատ դժվար է համատեղել բոլորի շահերը՝ բացի մեկից: Դա փխրուն խաղաղության պահպանումն է: Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում ավելին հնարավոր չէ:

– Ի դեպ, նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ տարեվերջին Շվեյցարիայում կայացած իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը կրկին ֆորմալ բնույթ է կրել, մեղադրել է Հայաստանին, որ չի ցանկանում «օկուպացված տարածքներից» դուրս գալ, ԵԱՀԿ Մինսկի խմբին էլ մեղադրել է, որ Հայաստանի վրա ճնշում չեն գործադրել: Նա հայտարարել է նաեւ, որ 2015 թվականին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը եւ առաջիկայում եւս կուժեղացնի իր մարտական ներուժը: Ստացվում է՝ Ալիեւը փաստացի լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու մասին հայտարարությո՞ւն է անում:

– Ալիեւի այդ հայտարարությունը, ցավոք, շփման գծում մեր զինվորի զոհվելու առիթ դարձավ, եւ դա, կարծում եմ, խորհրդանշական է: Ամենասկզբում ասացի, որ Ադրբեջանը փորձում է լայնածավալ պատերազմի սպառնալիքը դարձնել դիվանագիտական գործիք, իսկ համանախագահ երկրները կոնսոլիդացված հակադարձման հնարավորությունը չեն օգտագործում: Կարելի է բազմաթիվ պատճառներ մատնանշել, թե ինչու դա չի արվում: Ցանկացած վարկած գոյության իրավունք ունի: Բայց ավելի էական է, որ ԼՂ հարցում Ադրբեջանի բացահայտ ծայրահեղական մոտեցումները խարխլում են համակեցության այն հիմքերը, որ ստեղծվել են Հելսինկիում՝ 1975 թվականին: Դա մարտահրավեր է քաղաքակրթությանը: Ինքնին Ադրբեջանն այն երկիրը չէ, որ ունակ է ոտնահարել եվրոպական անվտանգության համակարգի սկզբունքները: Ո՞վ եւ ինչպե՞ս է շահագրգռում-հովանավորում Ադրբեջանին: Ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն մշտապես նենգափոխում բանակցային գործընթացը: Ահա այստեղ իրավիճակը, կարծում եմ, պետք է ենթարկվի խորը վերլուծության: Երբ փորձում ենք վերացարկվել դիվանագիտական ձեւակերպումներից, տպավորություն է ստեղծվում, թե հանուն խաղաղության պահպանման ջանքերի ենթատեքստում մեզ համար անցանկալի ինչ-որ զարգացումներ են դրված, եւ, ինձ այդպես է թվում, իրավիճակի սրման ադրբեջանական կողմի ձեռնարկումները, եթե կարելի է այսպես ասել, խաղաղության գինը բարձրացնելու միտում ունեն:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031