Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացիների մասնակցությամբ քրեական գործերի դատալսումները ձախողվում են

Հունվար 15,2016 13:30

Իրանցիների փորձը՝ մետաղյա տարաների մեջ
թաքցված թմրամիջոցը Կանադա ուղարկել «Հայփոստով», ձախողվել է

Օտարերկրացիների մասնակցությամբ քրեական գործերի դատալսումները տարբեր դատական ատյաններում դեռ անցյալ տարվանից, ամիսներ շարունակ տեղի չեն ունենում՝ պայմանավորված թարգմանիչների բացակայությամբ: Դատական դեպարտամենտը ստանդարտ գրություններ է ուղարկում դատարաններ՝ թարգմանիչների մրցույթի հետ կապված: Իսկ երեկ էլ գրություն էր ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ուր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ նշանակվել էր Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Դեպարտամենտը հայտնել էր, թե թարգմանչով կարող է ապահովել հունվարի վերջին, ինչը պատճառ էր, որպեսզի դատավորը հետաձգեր դատական նիստը, նշանակելով այն փետրվարի սկզբին: Ալիռեզա Մոսթաֆայի Մելլաթին եւ Մոսթաֆա Մոհամմադռեզայի Մելլաթին հայր եւ որդի են: Նրանց պաշտպանությունն իրականացնում է Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էդիկ Աղաջանյանը: Վերջինս դատավորի հարցին, թե տիրապետո՞ւմ են հայերենին, պատասխանեց, թե իր պաշտպանյալները հայերեն չգիտեն: Իրանցիները կալանավորված են:

«Առավոտի» նախնական տեղեկատվության համաձայն՝ որդին մեղադրվում է հոր` Մոսթաֆա Մոհամմադռեզա Մելլաթիի եւ ընկերոջ` Միլադ Մոհամմադռեզայի Շարիֆիի հետ Իրանից Թեհրան-Երեւան չվերթով մաքսանենգությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, Հայաստան թվով 4 հատ «FOSTER CLARKS» գրառմամբ գործարանային փակված մետաղյա տարաների մեջ թաքցված, 3014.281 գրամ ընդհանուր քաշով ափիոն տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար: Առանձնապես խոշոր չափի թմրամիջոցը նրանք փոխադրել էին «Հայփոստ» ընկերության Սարյան փողոցի վրա գտնվող տեղամաս, որպեսզի դրանք ուղարկեն Կանադա: Սակայն ծանրոցում զննության արդյունքում հայտնաբերվել էր առկա թմրամիջոցը եւ այն, ըստ էության, չէր արտահանվել:

Տուժողն օտարերկրացի է

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել էր Մարտին Միքայելյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը: Մ. Միքայելյանը, նախաքննության մարմնի կողմից առաջադրված մեղադրանքի համաձայն, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի մոտ հարձակում էր գործել Դեվիդ Գարսիա Խուանի Էստրադայի վրա եւ նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով հարվածներ է հասցրել Դ. Էստրադայի գլխին: Վերջինս ստացել էր միջին ծանրության վնաս: Միքայելյանը հափշտակել էր Դ. Էստրադայի մետաղյա դրամապանակը եւ դիմել էր փախուստի: Օտարերկրացու դրամապանակում եղել էր 18 000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 38 000 ՀՀ դրամ արժեքով «Բլեքբերի» ֆիրմայի բջջային հեռախոսը:

«Հնդիկների գործը» կապված է կացության քարտ ձեռք բերելու հետ

Դեռ անցյալ տարվա ապրիլի 28-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթ ընդունվեց Աննա Վարդանյանի, Նարինե Սարգսյանի, Գուարավ Իկբալչան Շարմանի վերաբերյալ քրեական գործի նյութերը: Հունվարի 15-ին նշանակվել է տարվա առաջին դատական նիստը: Աննա Վարդանյանը մեղադրվում է «տուրիզմի բնագավառում առեւտրային գործունեություն իրականացնելու», ինչպես նաեւ Հնդկաստանի քաղաքացի Գուարավ Իկբալչան Շարմանի առաջարկով գումարի դիմաց Հնդկաստանի քաղաքացիներին կացության քարտ ձեռք բերելու համար որոշակի գործառույթներ իրականացնելու համար: Նա այդ հարցում իրեն օգնելու նպատակով դիմել է ծանոթին՝ Նարինե Սարգսյանին: Աննան, մեղադրական եզրակացության համաձայն, դեռ 2014 թ. ապրիլի 7-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր՝ ծանոթի՝ «Նարինե Սարգսյան Վրույրի» անվամբ: Նա Հնդկաստանի թվով 6 քաղաքացիների՝ Դաթ Շաթինդիրի, Սանդիփ Սինղի, Սունիլ Կումարի, Գագանդիփ Սինղի, Նավջոտ Սինղ Ռանդհաուաի եւ Վիքրամ Կումարի համար «իր գրասենյակում» պատրաստել է «իրավունք վերապահող կեղծ աշխատանքային պայմանագրեր»: Պայմանագրերից երկուսում չէր նշել պայմանագրի կնքման ամսաթիվը: Նշյալ 6 անձանց որպես թարգմանիչներ աշխատելու վերաբերյալ կեղծ դիմումներն էլ ուղարկվել էր ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն: Հնդիկները ստացել էին կացության քարտեր։ Յուրաքանչյուրի համար հնդիկ Շարմանի միջոցով Աննան վերցրել է 40.000 ՀՀ դրամ գումար, որից 20.000 ՀՀ դրամը կիսել է Նարինե Սարգսյանի հետ, Նարինեն էլ 5.000 ՀՀ դրամ էր տվել Շարմանին։

Մեկ այլ դրվագով, Շարմանի առաջարկով՝ Հնդկաստանի 3 քաղաքացիների՝ Լաքվինդեր Լալի, Ռուփինդեր Սինղի եւ Ռավինդեր Սինղի համար Աննան պատրաստել է իրավունք վերապահող կեղծ աշխատանքային պայմանագրեր, Ն. Սարգսյանի փոխարեն ստորագրել է դրանք: Այս 3 հնդիկներն էլ ձեւակերպվել էին որպես պահակներ, իսկ մենեջեր խորհրդատու աշխատելու վերաբերյալ կեղծ դիմումներն էլ ուղարկվել էր ՀՀ ոստիկանության անձնագրային վարչություն: Շարմանի միջոցով վերցրած 40.000-ական ՀՀ դրամները, սակայն, վերադարձվել էր։

Ի դեպ, դատարանը մի անգամ գործն ուղարկել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պատճառաբանելով, թե մեղադրական եզրակացության համաձայն կեղծ փաստաթղթերն օգտագործվել են ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունում, որը գտնվում է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական տարածքում, հետեւաբար, գործն ընդդատյա չէ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին, սակայն այն կրկին հանգրվանել է Կենտրոնի դատարանում, ուր տեղի էր ունեցել 7 նիստ:
Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031