Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղությունը՝ Սպիտակ-Երեւան-Եվրոպա-Սպիտակ

Հունվար 15,2016 13:00

Գրետա Բաղրամյանը 26 տարեկան է: Ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժություն եւ հոգեբանություն ֆակուլտետը: Այժմ աշխատելու եւ սովորելու նպատակով Սպիտակից տեղափոխվել է Երեւան:
Տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ Սպիտակում սոցիալական եւ հասարակական ծրագրեր է իրականացրել: Որպես հոգեբան պարբերաբար աշխատել է սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների հետ: Այժմ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի Լոռու մարզի համակարգողն է:
Ասում է՝ իր մասնագիտությամբ աշխատանք կա դպրոցներում, սակայն ընդունելության կարգը խախտված է. աշխատանքի ընդունվելը ոչ թե մրցութային կարգով, այլ ֆիքսված գումարով է կատարվում:

Թեեւ այժմ մշտական աշխատանք չունի, սակայն անհատական ծրագրեր է մշակում եւ հոգեբանական աջակցություն տրամադրում երեխաներին: Մասնավորապես՝ նման նախագիծ է իրականացրել 2015 թվականին՝ Սպիտակի մանկատան երեխաների շրջանում:

Սպիտակում չի կարողանում ինքնադրսեւորվել, քանի որ համապատասխան աշխատատեղեր չկան եւ կարիերայի աստիճանները սահմանափակ են:
Նա կարողանում է ծրագրեր «հայթայթել», աշխատել, սակայն ցավով նշում է՝ Սպիտակում երիտասարդները պարապուրդի են մատնված. աշխատատեղեր չկան, այդ իսկ պատճառով կա՛մ արտագաղթում են, կա՛մ ամուսանանում՝ չկարողանալով ընտանիքը պահել:
Երիտասարդները հիմնականում սովորում են մարզի համալսարանում, գրեթե մեծամասնությունը մասնագիտությամբ մանկավարժ են: Մարզը այդքան աշխատատեղ չի ապահովում: Նրանցից շատերը գործազուրկ են, քանի որ իրենց նախընտրած մասնագիտությունը պահանջարկ չունի:

Գրետան սպիտակցի երիտասարդների առաջնային խնդիրներ է ընդգծում՝ զբաղվածության բացակայությունը, իրավունքի նվազ գիտակցումը, ազատ կամքի արտահայտման սահմանափակումը. «Վերջին տարիներին երիտասարդների հոսքը թեքվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Նրանցից ոմանք միայնակ են մեկնում՝ այնտեղ իրենց ապագան փնտրելով, ոմանք էլ միանում են այնտեղ աշխատող իրենց ծնողներին»:
Քաղաքում երիտասարդների համար ժամանցի կենտրոններ ընդհանրապես չկան, սակայն խոստովանում է՝ այդ ամենում իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն: Երիտասարդները այլեւս ոչինչ չեն ուզում փոխել, նրանցից ոմանք փորձում են, սակայն չի հաջողվում: Ասում է՝ բոլորը, կարծես թե, հիասթափված են: Ազդող հանգամանք է համարում նաեւ տեղի մեծահասակների վատատեսությունը, ինչը ձեռք են բերել Սպիտակի երկրաշարժի ողբերգական կորուստների արդյունքում:

Չորս ամիս առաջ է տեղափոխվել Երեւան: Ընտանիքը վատ է վերաբերվել այս փաստին, եւ մինչ այժմ չի համակերպվում աղջկա՝ միայնակ մայրաքաղաք տեղափոխվելու փաստին:
Ասում է՝ Երեւանի բնակիչները մտածում են միայն գումար վաստակելու մասին: Թվում է, թե կա ուրախություն, սակայն միայն զվարճանքի վայրերում, եւ այն էլ՝ ալկոհոլի ազդեցության ներքո: Խաբեությունը, դավաճանությունը շատ է, ինչը շատ սթրեսաբեր է: Որքան էլ շատերի համար մայրաքաղաքը երազանք է, Գրետան Սպիտակում իրեն ապահով է զգում՝ իր ընտանիքի, իր մտերիմների շրջանում: Երբեմն այս ամենը գիտակցելով՝ ուզում է հետ վերադառնալ, սակայն Երեւանում դեռ անելիք ունի:
Այժմ ցանկանում է մեկնել Եվրոպա: Ծանոթանալով այնտեղի փորձին՝ նորը բերել իր իրականություն, որպեսզի կարողանա օգնել իր մարզին:

Ասում է՝ որքան էլ Եվրոպան գայթակղիչ լինի, գնում է միայն հետդարձի պայմանով:

ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031