Աչքերի հոգնածությունը եւ բորբոքումը հանող պարզ միջոցներ
Հաճախ կարելի է մեծահասակներից լսել՝ պառկած գիրք մի՛ կարդացեք, մութ սենյակում հեռուստացույց մի դիտեք, բայց քչերն են, որ ականջալուր են լինում այդ զգուշացումներին: Պառկած կարդալու ժամանակ աչքերը ուղղվում են վեր, աչքի մկանները ավելորդ լարվում են: Այդպես կարդալը վնասակար է հատկապես երեխաներին, քանի որ նրանց տեսողությունը դեռ ձեւավորման ընթացքում է եւ կարող է կարճատեսության պատճառ դառնալ:
Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում ավելի դժվար է հետեւել այդ խորհուրդներին, երբ գրքից եւ հեռուստացույցից առավել մեր կյանք են մտել նորագույն տեխնոլոգիաները:
Այս ամենը որքան էլ անհրաժեշտ է մեզ՝ ամենօրյա աշխատանքում, բայց, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ առողջության մասին, որը շատ առավել թանկ ու կարեւոր է: Այդ է, որ առաջին հերթին խորհուրդ է տրվում պահպանել աչքերի հիգիենան եւ յուրաքանչյուր 45 րոպե աշխատելուց հետո՝ մանավանդ համակարգչի առջեւ, հանգիստ տվեք աչքերին, այդ ընթացքում կատարելով հատուկ վարժություններ.
1. Փակեք աչքերը 15-20 վայրկյան եւ բացեք: Հայացքը մոտիկից փոխադրեք հեռուն: Ժամանակ առ ժամանակ նայեք հեռու:
2. Կես րոպե կկոցեք աչքերը, հետո փակեք եւ հանգստացեք:
3. Աչքերը պտտեք երկու ուղղություններով:
4. Նայեք մեկ աջ, մեկ՝ ձախ:
Կարելի է նաեւ լվացվելիս սառը ջուր շփել աչքերին, որը ակտիվացնում է արյան շրջանառությունը:
Աչքերի հոգնածությունը եւ բորբոքումը հանելու համար առաջարկվում է աչքի լոգանքներ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ բաժակի մեջ լցնել երիցուկի, մաղադանոսի, անանուխի կամ սեւ թեյի եփուկ: Աչքին կիպ կպցնել բաժակը, գլուխը հետ գցել եւ այդ դիրքում աչքը բաց-խուփ անել՝ կրկնելով 8-10 անգամ:
Այդպիսով աչքի խնձորակն ասես լողանում է լուծույթի մեջ: Վերջում, բացելով աչքերը, հարկավոր է մի քանի շրջանաձեւ շարժումներ կատարել՝ ձախ ու աջ:
Թարմացնող, հանգստացնող եւ հակաբորբոքային ազդեցություն են թողնում երիցուկի, անանուխի, սամիթի կամ մաղադանոսի թրջոցները:
Աչքերի հոգնածությունն անցկացնելու համար թանզիֆը թրջել սառը կաթի մեջ, թեթեւակի քամել եւ դնել փակ աչքերի վրա:
Աչքերի տակ «պարկերի» վերացման համար խորհուրդ է տրվում կարտոֆիլը կամ վարունգը քերիչով անցկացնել, լցնել թանզիֆի վրա ու դնել համապատասխան հատվածներում, թողնել կես ժամ: Կարելի է նաեւ նույնը կտրտած կարտոֆիլի եւ վարունգի կտորներով կրկնել: Միայն հաճախակի կրկնելու դեպքում պարկերը կնվազեն:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
14.01.2016