Լարինգիտի եւ ձայնալարերի խզման ժամանակ օգտագործեք անիսոնի սերմեր, կոնյակ եւ մեղր
Ձմռանը մրսածության, գրիպի հավանականությունը բարձր է լինում: Ձեզ ենք ներկայացնում ժողովրդական բժշկության կողմից առաջարկվող առավել հեշտ եւ օգտակար տարբերակները:
Մրսածության, հազի, գլխացավի, տենդի, ինչպես նաեւ հոդաբորբի, ռեւմատիզմի, թոքային հիվանդությունների դեպքում, դեռեւս հնուց ի վեր իբրեւ ցավազրկող, ջերմությունը իջեցնող, միզամուղ, քրտնաբեր միջոց օգտագործվել է ռեհանը: Այս հրաշալի բույսն ունի նաեւ հակաբորբոքային եւ հակասպազմակտիկ ներգործություն: Արդյունավետ է ե՛ւ եփուկի, ե՛ւ թուրմի ընդունումը:
Մրսածության, հարբուխի դեպքում օրը 2 անգամ քթանցքների մեջ կաթեցնել 2-ական կաթիլ կալանխոեի հյութ:
Կարդացեք նաև
Որոշ հիվանդների մոտ լինում են նաեւ թոքաբորբի դեպքեր, որի ժամանակ կալանխոեի հյութը պետք է խմել հետեւյալ կերպ. 0,5 թեյի գդալ հյութին ավելացնել 1,5 թեյի գդալ ջուր: Ընդունել օրը 2 անգամ, ուտելուց հետո:
Բրոնխիտի, թոքաբորբի ժամանակ խորհուրդ է տրվում 100 գրամ չամիչը աղալ, 10 րոպե մարմանդ եփել 1 բաժակ ջրում, մզել ու քամել թանզիֆով: Խմել օրը մի քանի անգամ:
Լարինգիտի՝ կոկորդաբորբի եւ ձայնալարերի խզման դեպքում շատ օգտակար է հետեւյալ բուժամիջոցը. 0,5 բաժակ անիսոնի սերմը 1 բաժակ ջրում եփել 15 րոպե: Մի քիչ հովացնելուց հետո քամել, եփուկի վրա ավելացնել 1/4 բաժակ մաքուր մեղր եւ նորից եփել: Այնուհետեւ ավելացնել 1 ճաշի գդալ կոնյակ: Ընդունել 30 րոպեն մեկ՝ մեկական ճաշի գդալ:
Հազի եւ անքնության դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ բուժամիջոցը. եղինջի 25 գրամ սերմերը 200 միլիգրամ ջրով եփել 10 րոպե, թրմել 1 ժամ: Այնուհետեւ քամել եւ ավելացնել մեղր կամ շաքարավազ: Խմել երեկոյան:
Հազի, մրսածության դեպքում նաեւ շատ օգտակար է հետեւյալ միջոցը. սերկեւիլը եփել կաթի մեջ եւ ստացված զանգվածը ուտել:
Կոճապղպեղի՝ իմբիրի, արմատը ունի բուժիչ հատկություն: Կաթի մեջ լցնել մեկ թեյի գդալ կոճապղպեղի փոշի, ապա եռացնել, ավելացնել մեղր եւ խմել: Ե՛վ համեղ է, ե՛ւ օգտակար՝ հատկապես մրսածության, հազի ժամանակ:
Որպեսզի զերծ մնաք շրջապատում գրիպով հիվանդ մարդկանցից վարակվելուց, ապա ժողովրդական բժշկությունն առաջարկում է վերցնել 2-3 պճեղ սխտոր, ճզմել, վրան լցնել քիչ քանակության եռման ջուր, թողնել 1-2 ժամ, ապա քամել եւ յուրաքանչյուր քթանցքի մեջ կաթեցնել 1-2 կաթիլ: Կամ էլ սխտորը ճզմել եւ օրվա ընթացքում շնչել 10-15 րոպե:
Հայաստանում վերջերս դրան գումարվել է նաեւ H1N1՝ խոզի գրիպ կոչվող վիրուսը եւ շատ մարդկանց մոտ տագնապալի իրավիճակ է ստեղծվել: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ ավելի լավ է շուտ դիմել բժշկի եւ համապատասխան բուժում ստանալ, քան մնալ տանը եւ մտածել, որ գրիպ է, կանցնի: Ցանկացած բուժում սկսելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
14.01.2016