Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգում դրված հակահայկական երկու զեկույցը շրջանառության է դրվել 2014-ի գարնանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց, որ հայկական պատվիրակությունը աշխատում է այդ ուղղությամբ. «Մենք այս ամբողջ ընթացքում բացատրական, տեղեկատվական աշխատանքներ ենք կատարել, պատվիրակներին ներկայացրել գործընթացը, թե մեր հակափաստարկները, թե ինչու ենք դեմ այդ զեկույցներին»:
Տիկին Նաղդալյանի խոսքով, իրենք ամեն կերպ փորձում են պատվիրակներին բացատրել զեկույցների ընդունման վտանգը. «Բացատրում ենք, որ այդ զեկույցների ընդունումը կարող է սպառնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Նա նկատեց, որ 2005-ին նույնպես ԵԽԽՎ-ն նման բնույթի զեկույց է ունեցել, ըստ նրա, ստացվում է. «Տասը տարին մեկ անգամ ԵԽԽՎ-ն անդրադառնում է ԼՂ հակամարտության խնդրին: Ինչ վերաբերում է մեր աշխատանքներին, պատվիրակությունը փորձում է անել մաքսիմալը, որ պատվիրակները տեղեկացված լինեն»:
Հերմինե Նաղդալյանը չհամաձայնեց քննադատությանը, թե ինքը հայտարարելով, որ ԵԽԽՎ-ն հեռացել է եվրոպական արժեքներից, արդարացնում է պատվիրակության ձախողումները. «Այդ մասին գրում են առաջատար լրատվամիջոցները: Այդպես են կարծում շատ եվրոպացիներ,դա կարծիք է, որը հնչում է ԵԽԽՎ ղեկավարների կողմից: Բացի դա, հայկական կողմը դեռեւս լուրջ ձախողումներ չի ունեցել, հունվարյան նստաշրջանը, եթե լինի, ապա դա կլինի առաջինը, որ կունենանք ձախողում: Ես կարծում եմ այն, որ հունիսյան նստաշրջանում կարողացանք դժվար խնդիր կատարել ու թույլ չտալ, որ ադրբեջանցի լոբբին ներմուծի օկուպացիայի մասին դրույթը: Հայկական պատվիրակությունը արդյունավետ աշխատել է ու կարողացել իր առջեւ դրված խնդիրը կատարել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ