Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ, 1973թ. ծնված Գագիկ Ալավերդյանին, 1972թ. ծնված Արտակ Մանուչարյանին, 1987թ. ծնված Հովհաննես Ղալթախչյանին, 1961թ. ծնված Սաշա Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ, Աչաջրի բնակիչ, 1978թ.ծնված Մեխակ Մելիքբեկյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առեւանգել են նրան:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Հովհաննես Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ այն բանի համար, որ նա Աչաջուրի բնակիչ Արթուր Մելիքբեկյանին ապօրինի իրացրել է ինքնալից որսորդական ակոսափող հրազեն եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Սաշա Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ այն բանի համար,որ նա ապօրինի ձեռք է բերել եւ Աչաջուր գյուղում գտնվող իր տանը պահել ռազմամթերք հանդիսացող 18 հատ 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ: 4 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1.2 կետով(«Մարդուն առեւանգելը,որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Հովհաննես Ղալթախչյանին եւ Սաշա Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով
(« Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»): 4 ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ:
Հովհաննես Ղալթախչյանը Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի որդին է; Մեր տեղեկություններով՝ 4 ամբաստանյալներն էլ չեն ընդունում իրենց մեղքը, համարելով, որ իրականում Մեխակ Մելիքբեկյանի առեւանգում չի եղել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեղադրանքը կպաշտպանի ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Արիստակես Բարսեղյանը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունվարի 21-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ