Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում միջադեպ է գրանցվել զոհված զինծառայողների ծնողների և դատարանի կարգադրիչների միջև։
Ծնողները Վճռաբեկ դատարան էին գնացել, որպեսզի տեղեկանան, թե ինչ ճակատագրի է արժանանալու իրենց բողոքի հիման վրա հարուցված գործով դատավճիռը։ Այն պետք է ընթերցվեր հունվարի 11-ին, սակայն դատարանում՝ նիստից մի քանի րոպե առաջ, ծնողներին հայտնել էին, թե դատավորին այլ դատարան են տեղափոխել և նիստը չի կայանալու։
Վճռաբեկ դատարանում զոհված զինծառայողների ծնողներին սկզբում ընդունել է մի պաշտոնյա, ով իր անունը չի նշել, ասել է միայն, որ ինքը դատարանի աշխատակազմի ղեկավարն է։ Սևազգեստ մայրերի պահանջը լսելուց հետո նա նշել է, որ ոչնչով չի կարող նրանց օգնել։
Նման պատասխանից դժգոհ մայրերը փորձել են շենքի երկրորդ հարկ բարձրանալ, դատարանի կարգադրիչները խանգարել են նրանց, քաշքշուկ է սկսվել։ Աղմուկը լսելով՝ նրանց մոտեցել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ով ասել է, որ որևէ մեկին թույլ չի տա, որ «շենքում ձենը բարձրացնի»։ Մի քանի րոպե տևած զրույցից հետո, սակայն, Փոլադյանը մայրերին աշխատասենյակ է հրավիրել և, լսելով բողոքը, ընդունել է, որ նրանց պետք է նախապես ծանուցեին դատավորի տեղափոխման մասին։
Կարդացեք նաև
2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը նշել է, որ դատավոր Արմեն Խաչատրյանն առաջին անգամ չէ նման անհարգալից վերաբերմունք դրսևորել․ «Վերջին նիստից առաջ էլ, երբ արդեն գնացել էինք դատի, քարտուղարուհին նորից ժպտալով մոտենում է ու ասում, որ դատավորն իրեն լավ չի զգում ու չի կարող ներկայանալ դատին։ Ես չեմ հասկանում, իրանք կարում են զանգեն մեզ հեռախոսով, կանչեն դատի, ասեն՝ դատավորը ազատ ժամանակ ունի՝ եկեք հիմա դատն անցկացնենք, բայց չեն կարում էդ նույն հեռախոսազանգով նախապես զգուշացնեն, որ հեռու տեղերից եկող մայրերը չգան, հասնեն էստեղ ու նորից հետ գնան»։
Նյութի մանրամասները կարդացեք epress.am-ի կայքում