Լրահոս
Օրվա լրահոսը

«Գայանե Առուստամյանի հոգեբանական հետազոտության արդյունքները ուժեղ սթրեսի դեպքում սպասված ռեակցիաներ են»

Հունվար 14,2016 17:29

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունվարի 14-ին դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվում էր Գայանե Առուստամյանի գործի քննությունը:

Սակայն դատարան չէր ներկայացել Հատուկ քննչական ծառայության քննիչ Թադեւոսյանը: Գայանե Առուստամյանի պաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ առանց նրա մասնակցության հնարավոր չէ դատական նիստն անցկացնել, քանի որ գործն ինքն է քննել: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Դատական նիստի ավարտից հետո Արթուր Սաքունցը Aravot.am-ին փոխանցեց Գայանե Առուստամյանի հոգեբանական հետազոտության եզրակացությունը: Հետազոտությունը կատարվել է 2015 թվականի հուլիսի 6-14-ն ընկած ժամանակահատվածում: Հոգեբանական գնահատումն իրականացվել է հիմնվելով Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված արդյունավետ քննության իրականացման եւ փաստաթղթավորման սկզբունքների վրա: Կիրառվել են հետեւյալ մեթոդները՝ խորքային հարցազրույց, անամնեստիկ հարցում, դիտում, հոգեբանական թեստավորում, տվյալների գիտական վերլուծություն:

Ըստ հոգեբանական հետազոտության, Առուստամյանի հոգեբանական հետազոտության արդյունքների եւ ենթադրյալ խոշտանգման դեպքերի մասին հաղորդման միջեւ առկա է համապատասխանության բարձր աստիճան, իսկ հոգեվիճակների դինամիկան համընկնում է ենթադրյալ խոշտանգման դեպքերի ընթացքի հետ: Նաեւ նշված է, որ Գայանե Առուստամյանի հոգեբանական հետազոտության արդյունքները ուժեղ սթրեսի դեպքում սպասված կամ դրան բնորոշ ռեակցիաներ են:

Հետազոտության համաձայն, ենթադրյալ խոշտանգման դեպքերի հետ համընկնող ժամանակահատվածում Առուստամյանի վիճակը փոփոխվել է փուլային անսպասելիության եւ բարկության հակազդումները հերթափոխել են սուր վախի, անապահովության, անօգնականության եւ նվաստացման ապրումներով, ինչին հաջորդել է ֆիզիկական եւ հոգեբանական թուլացման փուլը:

Ենթադրյալ խոշտանգման դեպքերին հաջորդող 1 ամսվա ընթացքում Առուստամյանի հոգեվիճակը բնորոշվել է սթրեսային ապրումների եւ դրանց հնարավոր հետեւանքների սուր դրսեւորումներով՝ քնի խանգարումներ, կենսական էներգիայի պակաս, մղձավանջներ, տագնապի սուր ապրումներ, ապաթիա, դեպքի հետ կապված կպչուն վերապրումներ եւ հիշողություններ: Իսկ հաջորդող մեկ ամսվա ընթացքում նկատվել է հոգեվիճակի աստիճանական բարելավում:

«Գ. Առուստամյանի հոգեվիճակի վրա ազդող զուգահեռ սթրեսային գործոններ առանձնանում են աշխատունակության անկման արդյունքում ֆինանսական դժվար կացությունը, ինչպես նաեւ դեպքի եւ հոգեբանական հետազոտության միջեւ ժամանակահատվածում առաջ եկած առողջական խնդիրները: Նշված գործոնները վերադրելով ենթադրյալ խոշտանգման դեպքերի հետ կապված նկարագրված հոգեվիճակների վրա խոչընդոտում են Գ. Առուստամյանի ամբողջական վերականգմանը»,- ասվում է հետազոտությունում:

Հիշեցնենք, որ լրագրող Գայանե Առուստամյանը այս տարվա մայիսի 8-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել` նախորդ օրը՝ մայիսի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի վերաբերյալ: Իսկ մայիսի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Գ. Առուստամյանը «Օպերայի» հարակից մասում փողոցը հատելիս հավասարվել է ոստիկանի համազգեստ կրող անձի, ով, այդ պահին գտնվելով նրանից կես քայլ հեռավորության վրա, բարձր սուլել է սուլիչով: Ոստիկանի սուլոցից անակնկալի եկած Գայանե Առուստամյանը ոստիկանին հարցրել է՝ «ինչ՞ ես ականջիս տակ սուլում, է՛շ»: Ոստիկանության աշխատակիցը փոխադարձ վիրավորանքներ է հասցրել Առուստամյանին, այնուհետև հայտնվել են ոստիկանության այլ աշխատակիցներ, ըստ Գայանե Առուստամյանի, բռնություն գործադրելով՝ ձեռնաշղթաներ են անցկացրել նրա ձեռքերին և ոստիկանության ավտոմեքենայով տեղափոխել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: Նրան, մեքենայի մեջ սպառնացել են, հայհոյել, անգամ հարվածներ հասցրել: Ոստիկանության բաժնում երեք ժամ շարունակ չեն կարողացել հանել ձեռնաշղթաները, ԱԻՆ աշխատակիցների օգնության կարիքն է զգացվել:

Գայանե Առուստամյանը պնդում է՝ Ֆիզիկական և հոգեբանական ճնշման հետևանքով իր ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտություն է եղել Շտապօգնության բրիգադ կանչելու:

Ի դեպ, այս դեպքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ուղարկվել ՀՔԾ և ՀՀ Գլխավոր դատախազություն: Հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Գայանե Առուստամյանը ճանաչվել էր տուժող, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ տուժողի ներկայացուցիչ: Հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ քննչական գործողություններ կատարելուց հետո կայացվել էր քրեական գործը կարճելու մասին որոշում, որը բողոքարկվել էր նախ վերադասության կարգով, ապա՝ դատական կարգով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Գայանե Առուստամյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031