Հայ առաքելական եկեղեցին հունվարի 14-ին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Տոնի առթիվ այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Ս. Հովհաննես եկեղեցի բերվեց Սրբի շնորհաբաշխ աջը:
Այնուհետև եկեղեցում Տ. Անուշավան քահանա Կոշեցյանը մատուցեց ուխտի Ս. պատարագ, որին հաջորդեց մատաղի հյուրասիրություն:
Հավատավոր ժողովուրդն այսօր հնարավորություն ունեցավ իր խոնարհումը բերելու սուրբ մասունքին, որը եկեղեցում մնաց մինչև ժամը 17.00-ը:
Նշենք, որ Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը: Նրան հաղորդակից լինելու հնարավորություն հավատացյալներն ունեն տարեկան երկու անգամ՝ Մկրտչի ծննդյան ու մահվան օրերին:
«Ս. Հովհաննես Մկրտչի անվամբ հատկապես 1-5-րդ դարերում հիմնադրված վանքերն ավանդաբար մասունքի վրա են կառուցվել: Հայկական միջավայրում մասունքները հաճախ այսպես չեն տարել-բերել, այլ դրել են վանքի հիմքում, որպեսզի բոլորը հաղորդակից լինեն: Բացի այդ, դա թալանից, տարբեր արշավանքներից այդ մասունքները պաշտպանելու թերևս լավագույն տարբերակներից մեկն է եղել»,- Aravot.am-ի հետ ճեպազրույցում ասաց Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Նշան քահանա Ալավերդյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ