Լրահոս
Օրվա լրահոսը

«Վովայի պես մարդիկ հելնում են, բարձրաձայն ասում՝ ձեր հերն անիծած, հերիք ա, զզվացրել եք»

Հունվար 14,2016 17:10

«Վլադիմիր Առաքելյանն ու Գառնիկ Մարգարյանը բավականին մեծ լումա են ներդրել Հայաստանի համար».-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն՝ անդրադառնալով ազգային անվտանգության ծառայության կողմից այսօրվա ձերբակալություններին:

Հիշեցնենք, որ ձերբակալվել են՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գեւորգի Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Սմբատ Հակոբյանը նշեց, որ Վլադիմիր Առաքելյանին եւ Գառնիկ Մարգարյանին ինքը շատ լավ ճանաչում է, եւ մեծ հարգանք ունի նրանց 27 տարիների ազգային, քաղաքական գործունեության հանդեպ. «Բավականին մեծ լումա ունեն: Գառնիկ Մարգարյանն այն անհատականություններից է, որ երբեք իր անձն ու արածը դրոշ չի դարձրել, մենք՝ իր շրջապատը, գիտենք Գառնիկ Մարգարյանն ինչեր ունի արած այս հայրենիքի համար»:

Smbat-Hakobyan

Ինչ վերաբերում է Վլադիմիր Առաքելյանին, որը նաեւ «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար եւ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ է, պարոն Հակոբյանն ասաց. «Մենք 27 տարի կյանք ենք ապրել, նա մարտական իմ լավ ընկերն է, մեր ամենալավ, ամենահարգված ազատամարտիկներից է, որը երբեք չափի սահմանը չի անցել: Որքան էլ ներդրած ունի այս երկրի համար, բայց Վովան էն տեսակն է, որ երբեք չի բարձրաձայնում՝ ես այս, այն բանն եմ արել: Ընդհանուր մարդիկ անհանգստացած են այս երկրի համար, իսկ որոշների համար, նկատի ունեմ այս իշխանություններին, պետք չէ, որ այդ մարդիկ դրսում մնան, պոտենցիալ վտանգ են սպառնում, սա է խնդիրը»:

Մեր այն հարցին՝ ի՞նչ վտանգ են սպառնում, հանցավոր խմբի մասին ԱԱԾ պաշտոնյան հայտարարել էր,  որ այն ծրագրել էր մի շարք հրեշավոր արարքներ՝ պաշտոնյաների եւ պետական մարմինների դեմ, Սմբատ Հակոբյանն ասաց. «Ես այդ խմբի անդամներին եւ ղեկավար Արթուր Վարդանյանին չեմ ճանաչել, չգիտեմ: Բայց Վովայի ու Գառնիկի հետ կապված ասեմ՝ այդ մարդկանց ճանաչել ենք, գիտենք ապրած ձեւը, գիտենք մարդկային ու հայրենասեր տեսակը: Սա հո ասելիք չէ՝ Վովան հանկարծ պատրաստվում էր պետական հեղաշրջո՞ւմ անցկացներ կամ այդ կարգի բաների մեջ խառնվա՞ծ էր: Վովայի պես մարդիկ հելնում են ու բարձրաձայն ասում ՝ ձեր հերն անիծած, հերիք ա, զզվացրել եք, ռադ եղեք, գնացեք, նույն բանը մենք ենք ասում, դե թող բոլորիս էլ կալանավորեն»:

Սմբատ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը միտումնավոր այնպիսի բարոյահոգեբանական վիճակ է ստեղծել Հայաստանում, որ մարդիկ ստիպված գնում են ծայրահեղ քայլերի. «Դա մեկը չի լինելու, երկուսը չի լինելու, շատանալու է, մեկի կողմից ուղղորդված չէ, բարոյահոգեբանական վիճակն է դրդում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031