Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գեւորգյանը անլուրջ է որակում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունն այն մասին, թե Օսմանյան կայսրության տարածքում քրիստոնյա փոքրամասնություններ չեն ոչնչացվել, բայց մյուս կողմից էլ կոչ է անում հարցը շատ չսրել, քանի որ այն միայն հայերին չէ, որ վերաբերվում է:
«Պատմաբանի հայացքով դիտարկելով խնդիրը՝ նշենք, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունը կամ հարցազրույց- մեկնաբանությունը մի քիչ անզգույշ է եղել:
Երբ մանրամասն ծանոթանում ենք, տեսնում ենք, որ այնտեղ նաեւ երկակիություն կա: «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցում նա փորձում է ներկայացնել, որ իբր Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ բարեհաճ վերաբերմունք է եղել: Նա կրկնում է թուրքական պատմագրության մոտեցումը, որ տարիներ շարունակ ներկայացվել է՝ սկսած Աբդուլ Համիդի ժամանակներից, երբ ասվում էր, թե բարեփոխումների կարիք ունի ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլ ամբողջ Օսմանյան կայսրությունը: Փաստորեն, այս տեսակետը զարգացնում է նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
Բայց մյուս կողմից, չդիմանալով պատմության անողոքությանը, պատմական արդարությանը, երբ արդեն կոնկրետ դրվում է հարցը, թե ցեղասպանություններ են իրականացվել եւ խոսք է գնում մասնավորապես հայկական հարցի մասին, նա ասում է, որ հայկական հարցի վերաբերյալ մեր տեսակետը ներկայացրել ենք»:
Կարդացեք նաև
Պարոն Գեւորգյանը փաստում է, որ ՌԴ պետդուման առաջիններից մեկն էր, որ դատապարտել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայերի ցեղասպանությունը, իսկ պատրիարքը, նրա ձեւակերպմամբ, անտեսում է ոչ միայն հայերի, այլեւ հույների, ասորիների ջարդը Օսմանյան կայսրությունում: «Այս համատեքստում արվել է հոգեւոր առաջնորդին ոչ վայել եւ մի քիչ անլուրջ հայտարարություն, որից հետո բնական էր մեծ աղմուկի բարձրանալը՝ նաեւ ռուս-թուրքական փոխհարաբերությունների վերջին զարգացումների ֆոնի վրա: Կարծիքներ եղան, որ Ռուսաստանը երկակիություն է խաղում… Այնուամենայնիվ գտնում եմ, որ չարժե թեմայի շուրջ այդքան բարձրաձայնել, մանավանդ իրենք արդեն խառնվել են իրար եւ փորձում են հերքումներ տալ: Այո, համարում եմ, որ անլուրջ հայտարարություն է արվել պատրիարքի կողմից, բայց չարժի այդքան խորանալ, մանավանդ այստեղ միայն հայկական հարցը չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ocdn.eu-ի