AzerTurkbank-ն Ադրբեջանի միակ բանկն է, որը դոլար եւ եվրո է վաճառում բնակչությանը: Այդպիսի որոշում է այսօր ընդունել երկրի Կենտրոնական բանկը, հաղորդում է ադրբեջանական Minval.az կայքը:
Վաղ առավոտից հարյուրավոր մարդիկ շարվել են հերթի մեջ տարադրամ գնելու նպատակով՝ ոչ ավել, քան 500 ԱՄՆ դոլար, նշում է «Թուրան» գործակալությունը:
Համաձայն բանկի կայքում հրապարակված հայտարարության, դոլարի գնումն իրականացվում է 1.60 մանաթ մեկ դոլարի դիմաց կուրսով, իսկ վաճառքը՝ 1.6320:
Եվրոն գնում են 1.6850, իսկ վաճառում 1.7780 մանաթով:
Կարդացեք նաև
«Մենք եկել ենք առավոտյան 6-ին եւ հերթի ենք գրանցվել: Բանկի աշխատակիցը մեր անձը հաստատող փաստաթղթերը պատճենահանեց եւ համար տվեց», – Թուրանի թղթակցին պատմել է հերթ կանգնած քաղաքացիներից մեկը:
Ոստիկանությունն արգելապատնեշներ է դրել եւ ներս է թողնում մի քանի հոգուց բաղկացած խմբերով:
Թե ինչու է 2,5 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսում տարադրամի վաճառք միայն մեկ բանկ իրականացնում՝ ոչ ոք չի բացատրում, գրում է «Թուրանը»:
Դրան զուգահեռ, ակտիվացել է Երկաթուղային կայարանի մերձակայքի «սեւ շուկան», որտեղ դոլարը գնում են 1.62, իսկ վաճառում 1.85 – 1.90 մանաթով:
Ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարեց արտասահմանյան տարադրամի վաճառքն արգելելու մասին, եթե դա իրականացվում է կոմերցիոն բանկերի գլխամասային գրասենյակներից դուրս:
«Կապված տարադրամի փոխանակման օպերացիաների աճի հետ, ԿԲ-ն սահմանափակել եւ արգելել է փոխանակման կետերի գործունեությունը՝ օպերացիաների նկատմամբ հսկողության ուժեղացման եւ ծախսերի օպտիմիզացման նպատակով», – ասված է Ադրբեջանի ԿԲ-ի հայտարարության մեջ:
ԿԲ-ի որոշմանը համապատասխան, փոխանակման կետերը կարող են շարունակել աշխատանքը միայն տուրիստների կուտակման վայրերում, մասնավորապես՝ հյուրանոցներում եւ օդակայաններում: Այդ վայրերում փոխանակման կետերի անհրաժեշտությունը բացատրում են «տարադրամի օպերատիվ փոխանակման կարիքների բավարարման» անհրաժեշտությամբ:
«Ժողովուրդը շարվել է նրա համար, որ իր դեպոզիտնե՞րը հետ վերցնի: Ես արդեն ասել եմ, որ շուտով սկսվելու է բանկերի լիկվիդայնության ճգնաժամ, ինչից հետո նրանք կսկսեն «փլուզվել», կառավարությունը ստիպված է լինելու միացնել տպագրական մեքենան, դա կբերի դրամական զանգվածի ուռճացմանը, ինչն էլ, իր հերթին՝ կհանգեցնի սղաճի մի քանի լրացուցիչ տոկոսի», – Ֆեյսբուքի իր էջում գրել է տնտեսական հարցերով փորձագետ Ֆիքրեթ Մամեդովը, մեկնաբանելով AzerTurkbank-ի դիմաց հավաքված ամբոխին պատկերած լուսանկարները, որոնք ակտիվորեն շրջանառվում են սոցցանցերում:
«Կարծում եք՝ վե՞րջ: Ո՛չ, սա վերջը չէ՛: Այս ամենի արդյունքում սկսվում է ընդհանուր գնողունակ պահանջարկի անկումը, ինչը բերում է ապրանքների արտադրության եւ ծառայությունների կրճատման:
Արտադրության կրճատումը բերում է փոքր արտադրողների սնանկացմանը, խոշոր ձեռնարկությունների վարձու աշխատողների՝ աշխատանքից ազատմանը եւ լայնամասշտաբ գործազրկությանը:
Գործազրկությունը բերում է բնակչության եկամուտների, այն է՝ գնորդների թվի նվազմանը: Դա էլ, իր հերթին՝ խթանում է ապրանքների եւ ծառայությունների գնողունակ պահանջարկի հետագա անկումը: Գոյանում է մի փակ շրջան, որը պահում է տնտեսությունը խրոնիկական դեպրեսիայի վիճակում», – հավելեց նա:
Ֆոտո՝ Minval.az