2016 թվականը էականորեն առանձնանալու է «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» սոցիալական բնակարանաշինության ծրագրի համար: Այս մասին հունվարի 14-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Նա նշեց, որ 2016 թվականին շահագործման են հանձնելու երբեւէ շահագործման հանձնած ամենամեծ համալիրը, որը գտնվում է Ավան վարչական շրջանում եւ բաղկացած է շուրջ 500 բնակարաններից: Արսեն Քարամյանի կարծիքով՝ 2016 թվականին ծրագրի կուլմինացիան է. «Սա իսկապես երեւույթ է, նույնիսկ մեր արտասահմանյան գործուղումների ժամանակ, երբ մենք այս մասին խոսում ենք, որեւէ այլ երկրում այս կարգի բան չկա: 500 բնակարանը իսկապես սոցիալական նշանակության երեւույթ է»:
Նա հայտնեց, որ մի քանի օրից մեկնարկելու է Ավան վարչական շրջանում մեկ այլ համալիրի շինարարությունը՝ բաղկացած 140 բնակարաններից, իսկ 2016 թվականի կեսերին՝ մեկ այլ համալիր է կառուցվելու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ բաղկացած 280 բնակարաններից: Երկու շենքերն էլ նախատեսված են մինչեւ 35 տարեկան երիտասարդ մասնագետների համար եւ պատրաստ կլինեն մինչեւ 2018 թվականի փետրվարի 1-ը:
Արսեն Քարամյանն ասաց, որ 2017 թվականին ծրագիրը կգրանցի ավելի նվազ արդյունքներ, իսկ 2018 թվականի փետրվարին կամփոփեն ամբողջ ծրագիրը, որը մեկնարկել էր 2008 թվականին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ