«Այստեղ զարմանալի բաներ են կատարվում: Նախ` հայտնի դարձավ այն արտահոսքերից, որ խումբը վաղուց գտնվում է հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո: Կարելի է ենթադրել, որ Քեսաբ մեկնելուց սկսած, այդ երիտասարդը, որը խմբի ղեկավարն է, գտնվել է անվտանգության ծառայության ուշադրության ներքո»,- այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ:
Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ հետո խորամանկ հայացքներով հայտարարեցին, թե Արթուր Վարդանյանի ստեղծած խմբին թողել են պտտվել Հայաստանով մեկ: Այնուհետեւ նրանք հայտարարել են, թե ուզում են տապալել այս իշխանություններին, ինչ-որ ուժային գործողություններ իրականացնել եւ խոսել են հարյուրավոր ու հազարավոր մարդկանց հետ. «Այսինքն` տպավորությունն այնպիսին է, որ երկրի ղեկավարությունը կատարել է 2 գործողություն. մեկը՝ երկիրը խայտառակ վիճակի է հասցրել, բազմաթիվ հանցագործություններ է կատարել, իշխանությունն է զավթել, բոլոր պետական մեխանիզմների տապալում եւ այս իրավիճակում ժողովրդի մեջ արտանետել է մի խումբ, որը սադրանքով է զբաղված»:
Նա նշեց, որ եթե ենթադրենք, թե խմբում իրոք ազնիվ մարդիկ ենք, որոնք հասկացել են, որ այսպես այլեւս հնարավոր չէ ապրել եւ ուզում են զինված ճանապարհով փոխել իրավիճակը: «Իշխանությունը դա իմացել է, ուղեկցել է եւ փաստորեն հավաքել է մարդկանց, արդեն իշխանությունը սադրել է ինչ-ինչ գործողությունների, որի համար հիմա նրանց հերթով ձերբակալում են: Ում հետ զրուցել են, ձերբակալում են»:
Կարդացեք նաև
«Ղարաբաղ» կոմիտեի անդամը հայտարարեց, որ, այսպիսով` իշխանությունը կրկնակի հանցագործություն է կատարում: «Մեկը որ ստեղծել է մի իրավիճակ, երբ որ մարդիկ զինված ճանապարհից բացի ուրիշ ճանապարհ չի թողել, որովհետեւ բոլոր օրինական ճանապարհներն ինքը խախտել է և, հետևաբար, ինքը տեռորիստական խումբ է: Այդ դեպքում քաղաքացիների ցանկացած գործողություն նրանց դեմ, այդ թվում՝ նաեւ ուժային, օրինական են»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ