«Ուլիս Երեւան 2» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանին ներկայացված մեղադրանքի առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողները նրա շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանից, որը նաեւ Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից բացահայտված զինյալ խմբի անդամ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպանն է, հետաքրքրվեցին, թե այդ գործով տեղաշարժ կա՞:
«Այո, ես ներգրավված եմ եւ ներկայացնում եմ նաեւ Արթուր Վարդանյանի շահերը: Այսօրվա մամուլի ասուլիսը չի վերաբերվում այդ գործին: Բայց կարող եմ ասել, որ այդ գործով էլ նախաքննություն է գնում եւ շատ հարցերի պատասխաններ հանրությունը կստանա: Նաեւ այդ գործի շրջանակներում մամուլում շատ ակտիվ ու հետաքրքիր սցենարներ գրվեցին: Գիտեք, այդ հարթության վրա էլ, քանի գնում է նախաքննություն, պետք է զերծ մնալ: Բա որ այդ սցենարները վաղը-մյուս օր չապացուցվեն, ի՞նչ պետք է ասենք», – ասաց Լեւոն Բաղդասարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ