Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր մի խումբ սիրիահայեր նշեցին Ամանորը և Ս. Ծնունդը` ներկայացնելով իրենց ավանդույթները: «Շատ դժվարությամբ ենք հասել Հայաստան: 2,5 տարի առաջ զինվորական օդանավով, որը 30 հոգի էր տեղավորում, հասանք Դամասկոս, այնուհետեւ՝ Լիբանան, ի վերջո եկանք Հայաստան»,-Aravot.am-ին պատմեց հալեպահայ Զարմինե Դեյիրմինջյանը:
Նա որդու, հարսի եւ թոռների հետ է բնակվում: Ասում է, որ դժվարությունն աշխատանքի բացակայությունն է, խնայողություններն են ծախսում. «Տղաս չի աշխատում: Նա վաճառական է, Հալեպում բոլորի գործն էլ լավ էր: Իսկ այստեղ չի աշխատում, բայց մեզ լավ ենք զգում, խաղաղ ենք: Եթե տղաս աշխատանք չգտնի, կլքենք Հայաստանը»:
Տիկին Զարմինեն ասաց, որ Հալեպում չորս հայկական եկեղեցի է եղել, իսկ ինքը Սուրբ Գեւորգ եկեղեցում տասնյակ տարիներ դպրուհի է եղել. «Եկեղեցին քանդեցին, վառեցին, շատ ցավալի էր…»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը հավելեց, որ ընտանիքով այցելում են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, իսկ ամեն ուրբաթ մասնակցում Աստվածաշնչի սերտողության դասերի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ