Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր մի խումբ սիրիահայեր նշեցին Ամանորը և Ս. Ծնունդը` ներկայացնելով իրենց ավանդույթներն ու քաղցրավենիքները: Տոնախմբությունը կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միությունը: Միջոցառման ընթացքում շուրջ 40 սիրիահայ երեխաներ թեմի կողմից նվերներ ստացան:
Միության ատենապետուհի Զարուհի Համալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հալեպում հետամուտ են եղել հայի ինքնության պահպանությանը, իրականացրել են համայնքային եւ մշակութային միջոցառումներ. «Հալեպի հայ համայնքը հոգեւոր կյանքով էր ապրում, ուստի այստեղ էլ որոշեցինք շարունակել հոգեւոր ավանդույթները եւ եկեղեցու շուրջը միավորվեցինք: Փորձում ենք հարմարվել երկրին, պայմաններին, բայց հավատացեք՝ Սիրիայում մենք ավելի հանգիստ եւ ուրախ էինք, աշխատանք ունեինք: Ասում են՝ սիրիահայերը հարուստ են, ոսկիներ ունեն, բայց ասեմ, որ այս հինգ տարում այդ ամենը վատնեցինք, մեր ունեցվածքը կողոպտվեց»:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, սիրիահայ համայնքի հոգեւոր պատասխանատու տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն էլ նշեց, որ արդեն մի քանի տարի՝ Հայաստան վերադարձած սիրիահայերն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրենց նոր համայնքն են ձևավորել. «Բացի նյութական աջակցությունից մենք փորձեցինք նաեւ հոգեւոր աջակցություն տրամադրել: Նպատակն է՝ սիրիահայերին ընդգրկել համայնքային կյանք եւ պահպանել նրանց ազգային-եկեղեցական գեղեցիկ ավանդույթները»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ սիրիահայերը նշում են բոլոր տոները, մասնակցում ուխտագնացությունների և հատուկ իրենց համար կազմակերպվող արևմտահայերեն քարոզների:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ