Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, կալանավորված Գագիկ Սիմոնյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ:
«Ինչպես գիտեք, օրեր առաջ պետական լիազոր մարմնի համապատասխան մամուլի ծառայությունը արեց պաշտոնական հայտարարություն, որը վերաբերում էր «Ուլիս Երեւան 2» եւ «Արարատ 2» ակումբների հանդիպմանը: Տեղեկացնեմ, որ, այո, հարուցված է քրեական գործ: Ինքս ներկայացնում եմ ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Ռոստոմի Սիմոնյանի շահերը: Այդ պաշտոնական հայտարարությունից հետո մամուլում հրապարակվեցին տարբեր հոդվածներ, զրույցներ, հարցազրույցներ: Այնպիսի տպավորություն է ստացվում, որ իմ պաշտպանյալը արդեն կատարել է այդ հանցագործությունը եւ առանց դատական օրինական ուժ ստացած ակտի, առանց նախաքննության գործառույթների ավարտի՝ սույն գործի շրջանակներում ունի մեղավորության իր բաժինը: Այնքանով, որքանով չորրորդ իշխանությունը ուղղակի դերակատարություն ունի ցանկացած ֆորմատի հարցերի լուսաբանման հետ կապված, առավել եւս՝ քրեական գործի շրջանակներում, ես կարծում եմ՝ պետք է այդ հարթության վրա լինենք բավականին զգույշ: Այնքանով, որ դա եւ օրենքի պահանջն է, եւ սահմանադրությամբ է նախատեսված անմեղության կանխավարկածը, ինչպես նաեւ անձի արժանապատվությունը, ես կարծում եմ՝ գլխավոր դեր պետք է կատարի (չորրորդ իշխանությունը Ա. Հ.) մեր հասարակությունում: Որովհետեւ, եթե վաղը պարզվի, որ անձը մեղսակից չի եղել պայմանական այս հանցագործությունը կատարելու հետ կապված, բայց այն խարանը, որ այս ընթացքում գրվում է վերջինիս մասին, այդպես էլ մնում է:
Դա գալիս է նախկին ԽՍՀՄ-ից, երբ քննիչները անսխալական էին, դատախազներն անսխալական էին եւ եթե հարուցված է քրեական գործ, առաջադրված է մեղադրանք, ուրեմն անձը հանցավոր է:
Ես պաշտոնապես հայտարարում եմ իմ պաշտպանյալի դիրքորոշումը, որ վերջինս չի ընդունում իրեն վերագրված մեղավորությունը, գտնում է, որ այս գործի շրջանակներում բացարձակ չի արել այնպիսի գործողություն, որը հետագայում կբերի քրեական հանցագործության հետ կապված ինչ-որ աղերսի:
Կարդացեք նաև
Այս պահին գնում է նախաքննություն: Ավելի քան հակված եմ կարծելու, որ նախաքննությունը գնալու է օբյեկտիվ եւ նախաքննության ընթացքում շատ հարցերի պատասխան կստանանք ինչպես քրեական գործի շրջանակներում, այնպես էլ հասարակությունը շատ հարցերի պատասխաններ կստանա: Մեկ անգամ եւս ուզում եմ փաստել, որ իմ պաշտպանյալը չի ընդունում իրեն մեղադրված արարքը», – ասաց փաստաբանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ