«Դրանից հետո եղավ իրենց մամուլի խոսնակի մեկնաբանությունը, որ իբր դա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը եւ այլն: Ես կարծում եմ, ամեն դեպքում այդ հայտարարությունը շատ անհաջող էր»,-այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությանն, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Ռուսիո պատրիարքը հունվարի 7-ին սուրբծննդյան հարցազրույց էր տվել Դմիտրի Կիսիլյովին, որը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում: Հարցազրույցի ընթացքում նա, խոսելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի մասին, բերել է Օսմանյան կայսրության օրինակը, մասնավորապես՝ ասելով, որ. «Օրինակ՝ վերցնենք թուրքական, Օսմանյան կայսրությունը: Այո՛, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել»:
Այն հարցին, թե այդ միջադեպը կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, պարոն Քոչարյանն ասաց, որ այդպես չի կարծում:
Հարցին էլ, թե արդյոք դա պատահական հայտարարություն էր, թե մշակված քաղաքականություն, փոխնախարարն ասաց, որ ինքն ընդամենը արձանագրեց, որ դա շատ անհաջող հայտարարություն էր` «ավելին չեմ կարող ասել»:
Կարդացեք նաև
Շավարշ Քոչարյանից նաեւ հետաքրքրվեցին, թե ղարաբաղյան հարցում հայկական կողմը բանակցությունների ակտիվացում նախատեսո՞ւմ է, ի պատասխան՝ արտգործփոխնախարարն ասաց, որ ոչ այնքան ակտիվացում, որքան կողմերի մոտեցում, որպեսզի այն առաջ գնա:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ