Արդեն տեղեկացրել ենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015 թվականի հունվարի 29-ին սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստը հետաձգվեց:
Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամեն դատական նիստի սկզբում եւ վերջում ամբաստանյալները ժպիտները դեմքերին են մտնում եւ դուրս գալիս դատական նիստերի դահլիճ: «Այդքանից հետո կասկածել, որ սպանությունը նրանք են արել կամ չեն արել, կամ փաստաբանի հայտարարությունը, թե նրանք չեն արել սպանությունը, ես չեմ հասկանում»:
Հայկազ Բարսեղյանի սպանությամբ մեջ մեղադրվող Գնել Թեւոսյանի հոր՝ Երեւանի Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Թեւոսյանի գործով նախաքննությունն ավարտվել եւ գործն ուղարկվել է դատարան: Մեղադրական եզրակացության համաձայն՝ գնդապետն իր որդու համար ինստիտուտում սովորելու արտոնյալ պայմաններ է ստեղծել:
Արկադի Բարսեղյանն այս առնչությամբ ասաց, որ հնարավորության դեպքում կմասնակցի դատական նիստերին, քանի որ շատ է պայքարել, որ գնդապետին ձերբակալեն. «Հենց առաջին օրն էլ նա պետք է իր որդու հետ ձերբակալված լիներ: Հենց նրա բարձիթողի վիճակից է այս ամեն ինչը եղել»:
Կարդացեք նաև
Սպանված կուրսանտի հայրը նշեց, որ դեկտեմբերի 24-ին հայտարարվել էր, որ հունվարի 14-ին դատական նիստ պետք է լինի: Նա զարմանք հայտնեց, որ ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանին այս պարագայում Նոյեմբերյանի զորամասից չեն բերել դատարան. «Ինքը չի կարող ինքնուրույն գալ, բայց իրավապահ մարմինները պետք է ապահովեին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ