Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոսել Խոսրով Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը

Հունվար 14,2016 14:25

«2016-ի քաղաքական, հատկապես տնտեսական սպասումները կախված են ոչ այնքան ներքին, որքան արտաքին զարգացումներից, ընդ որում, ոչ միայն Հայաստանի համար: Աշխարհաքաղաքական վերլուծական կենտրոններն անգամ դժվարանում են երկարաժամկետ կանխատեսումներ անել»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով 2016 թվականի հեռանկարների մասին, կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

Այդ գործոնները իրենց էությամբ աշխարհաքաղաքական են`ՌԴ-Արեւմուտք հարաբերություններ, սիրիական կոնֆլիկտ, Իրան-Սաուդյան Արաբիա, հետեւաբար, բանախոսը դժվար գնահատելի եւ կանխատեսելի է համարում առաջիկայի զարգացումները:

«Գլոբալ տնտեսության, մասնավորաբար, Հայաստանի համար 2016-17-ը ավելի բարդ կանխատեսելի է, քան 2007-08 գլոբալ տնտեսական ճգնաժամի շրջանը, քանի որ այն զուտ տնտեսական բնույթ ուներ եւ կարելի էր քայլեր պլանավորել: 2016-ը դժվար տարի է լինելու: Մեր ավանդական շուկաները`ՌԴ, ԵՄ կանգնել են խնդիրների առջեւ, մեր արտահանման ծավալները նվազել են, տրանսֆերտները`նույնպես, նվազել են նաեւ ներմուծման ծավալները եւ այլն: Անկեղծ լինելու համար ասեմ, որ այս իրավիճակից կանխատեսելի լուծումներ չեն երեւում: Բայց նույնիսկ այս պարագայում չի կարելի հոսանքին տրվել, այլ կուտակել սեփական կարողությունները»,- ասաց Խոսրով Հարությունյանը`հավելելով, որ օրինակ, 2015-ին հարկաբյուջետային քաղաքականության մեջ «ես կասեի հեղափոխական փոփոխություններ արվեցին», այս տարի էլ պիտի այդ գործելաոճը շարունակվի: Բիզնեսի, հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար բարենպաստ պայմաններ պետք է ստեղծել, որպեսզի հետագայում արագորեն կարողանանք մեր կուտակած կարողությունները դնել շրջանառության մեջ:

Նա կարծում է, որ ներքին պահանջարկի վճարունակության վրա պետք է աշխատել, որպեսզի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը զարգանա: «Աշխատատեղեր են պետք, ու դրա ճանապարհը ներդրումներն են, ինչը սարսափելի բարդ գործ է, ուստի ներդրողների համար հնարավոր ռիսկերը կոմպենսացնելու ուղղությամբ կառավարությունը պիտի մտածի: 2016-ին չեմ կարծում, թե ներդրումների ծավալը կավելացնենք, բայց պոտենցիալ ներդրողների հետ արդյունավետ բանակցություններ ու պայմանավորվածություններ կլինեն, վստահ եմ»,- ասաց բանախոսը`հավելելով, որ Ղազախստանի նման հզոր պետությունը ստիպված եղավ բյուջեի սեկվեստրի գնալ, նույն խնդրի առջեւ կանգնած է ՌԴ-ն, մինչդեռ Հայաստանը կարողացավ պահպանել իր դիրքերը. «Դա նաեւ միջազգային կառույցները գնահատեցին, բայց սա նշանակում է շանս`օտարերկրյա ներդրողներ գրավելու համար: Արտահանման խթանման խորհրդի հիմնական նպատակը սա պետք է լինի»:

Հաջորդ առաջնահերթությունը Խոսրով Հարությունյանը համարում է շուկաների դիվերսիֆիկացիան. «Մեր արտահանողները ռուսական եւ եվրոպական շուկաներում իրենց շատ լավ էին զգում եւ որեւէ մեկի մտքով չէր անցնում այլ շուկաներ մտնել: Հիմա կանգնել ենք մեր անհեռատեսության առաջացրած խնդրի առջեւ: Հիմա պետք է հետեւություններ անենք եւ շուկաների դիվերսիֆիկացիայի մասին մտածենք: 2016-ը թեպետ դժվար, բայց պրպտումների, բարեփոխումների, ստեղծագործական մոտեցումների տարի է լինելու: Մարտահրավերներ կան եւ դա չի նշանակում միայն սպառնալիք, հաճախ դա նաեւ նոր հնարավորություն է»:

Նախկին վարչապետը պարտադիր չի համարում բոլոր ուղղություններով աշխատանքը եւ այդ մասին օրերս զրուցել է նաեւ գործող վարչապետի հետ. «Պետք է ընտրել եւ կենտրոնանալ այն ուղղությունների վրա, որոնք առավել իրագործելի են մեզ մոտ եւ հնարավորություններ կտան ԵԱՏՄ շուկայում դիրքավորվելու: Օրինակ, վերագործարկել Երեւանի էլեկտրաշարժիչների գործարանը`ժամանակակից եւ որակյալ արտադրանքով: Ի դեպ, Շվեյցարիայի տնտեսական մոդելի հիմքում այս մոտեցումն է: Եվրասիական շուկայի պահանջարկի տեսանկյունից պետք է վերաիմաստավորենք մեր մոտեցումները: Նման հարցերը մեկ-երկու տարում չեն լուծվում, միայն Հայաստանով չի լուծվում, բայց գիտակցությունը`մեկը մեկով պահանջարկված լինելը, տնտեսապես ամուր կապերը, պիտի լինեն, այլապես այդ միությունը շատ արագ կքանդվի: ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, ոչ թե առեւտրային: Սա պիտի բոլորը հասկանան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Նույն սկզբունքով և առանց հիմնավորման ասեք, օրինակ, աշխատեցնենք Երևանի հաստոցաշինական գործարանը, որը տաս տարվա ընթացքում հողին հավասարեցրին…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031