Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանին և «Եղվարդ մարզակոշիկների ֆաբրիկա» (Ադիդաս մարզակոշիկների ֆաբրիկան) Բաց Բաժնետիրական Ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու և պահելու մեջ՝ նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Մարգարյանի և Վ. Առաքելյանի բնակարաններում խուզարկություններ են իրականացվել՝ գործի անհրաժեշտ օբյեկտիվությունն ապահովելու նպատակով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խուզարկություններ են կատարվել նաև Երևան-Եղվարդ ճանապարհին՝ «Եղվարդ մարզակոշիկների ֆաբրիկա»-ում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչությունը 2 օր հետո դիմելու է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանք: Ի դեպ, նույն դատարանը բավարարել էր ԱԾԾ քննիչների միջնորդությունները և խուզարկություններ էին կատարվել նրանց բնակարաններում:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում