Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Եթե անցկացվել են վստահելի, թափանցիկ, ազատ ընտրություններ, էլ ի՞նչ կարիք կա ընտրողների ցուցակները տպել». «Հայոց աշխարհ»

Հունվար 14,2016 12:29

Հարցազրույց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ

-Ինչպե՞ս եք վերաբերվում բոյկոտին, որը որոշ քաղաքական ուժերի համար դարձել է «սկզբունքային դիրքորոշում», թերեւս սովորույթի ուժով որոշ ուժեր սահմանադրական բարեփոխումներից հետո հիմա էլ ԸՕ-ի մշակման գործընթացն են ուզում բոյկոտել:

-Ես բոյկոտի կողմնակից չեմ, չեմ ուզում, որ Հայաստանում ծավալվող ցանկացած քաղաքական գործընթացի շուրջ բոյկոտ իրականացվի:

Բոյկոտ նշանակում է վետո, այսինքն` գործընթացի դադարեցում: Եթե կգա մի ուժ, որը կարող է սկսված գործընթացը դադարեցնել, ուրեմն այդ ուժը կարող է իրեն թույլ տալ բոյկոտ հայտարարելու: Իսկ եթե բոյկոտում են, որպեսզի չմասնակցեն օրակարգային գործընթացին, դա պարզապես անգործություն եմ համարում: Այնպես որ եթե ես ունենամ հնարավորություն, ասպարեզ լինի, ապա անպայման ակտիվորեն կմասնակցեմ ընտրությունների մասին օրենքի մշակմանն ու ծավալվող քննարկմանը:

 -Անկախացումից հետո մեր երկիրն անցել է մի քանի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների միջով, սա բավարար ժամանակահատված է համոզվելու, թե ի՞նչ մեխանիզմներ, ի՞նչ գործիքակազմեր են հարկավոր, կամ որո՞նք պետք է սրբագրվեն, որպեսզի ԸՕ-ն իրապես նպաստի ընտրական գործընթացների որակով կազմակերպմանը, քաղաքական ուժերի վստահության ամրապնդմանը: Ի՞նչ բնույթի փոփոխություններ դուք կառաջարկեք:

-Ժողովրդավարություն ապահովող կարեւոր գործիքներից մեկը Ընտրական օրենսգիրքն է: Կամքը, ինքնաբուխ ժողովրդավարությունը, ազատամտությունը շատ կարեւոր են, բայց նաեւ գործիքներ պետք է լինեն: Եվ այդ առումով Ընտրական օրենսգիրքը պետք է ներառի մի քանի, իմ կարծիքով, կարեւոր դրույթներ:

Առաջին՝ պետք է սահմանի պատասխանատվություն. ընտրությունների արդյունքները չեն տրվում որպես պարգեւ, այլ մարդուն ընտրում են ծառայելու համար: Նա, ով իշխանության մեջ լինելու հայտ է ներկայացնում, պետք է գիտակցի, որ գնում է ոչ թե տեր դառնալու, այլ ծառա լինելու համար: Իսկ եթե ծառան լավ չի ծառայում, նրան հարկավոր է արագ հետ կանչել, վռնդել իր պաշտոնից:

Ուրեմն ԸՕ-ն պետք է անպայմանորեն ենթադրի հետկանչի մեխանիզմ` սկսած գյուղապետից, քաղաքապետից, մինչեւ պատգամավոր ու վարչապետ: Նրանք վատ աշխատանքի համար պետք է հեռացվեն աշխատանքից` ժողովրդի պահանջով:

Երկրորդ՝ պետք է սահմանափակվի պաշտոնյայի երկու անգամից ոչ ավել, չեմ ասում անընդմեջ, ընտրվելու իրավունքը: Երկու անգամ ընտրվելուց հետո թող հեռանան, թող համալրեն մեր նոմենկլատուրայի ռեզերվը, թող գնան ու զբաղվեն իրենց դասախոսությամբ, բժշկությամբ, բիզնեսով: Ես անպայմանորեն առաջարկելու եմ ԸՕ-ում նման կետ ամրագրել: Թող մեր իրավաբանները գտնեն ձեւն ու սա հարմարեցնեն նոր սահմանադրությանը:

Երրորդ՝ ԸՕ-ն պետք է «ճնշում գործադրի» «Կուսակցությունների մասին» օրենքի վրա, որպեսզի կուսակցությունները դառնան երկրի մանրակերտը, այսինքն՝ կուսակցության ղեկավար մարմինների վրա եւս պետք է տարածվի հետկանչի մեխանիզմը:

Եվ այդ պահանջը պետք է գա ներքին օղակներից, կուսակցական մասնաճյուղերը պետք է կարողանան հետ կանչել վատ ղեկավարող, ձախողված կուսակցական առաջնորդին ու նրան փոխարինեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված գործունյա առաջնորդով: Սա շատ կարեւոր է, այն կնպաստի, որ կուսակցություններում պետության համար անհրաժեշտ կադրեր աճեն:

  -Արդեն իսկ շրջանառվող որոշ առաջարկներում կարեւոր տեղ է զբաղեցնում ընդդիմության տարիների պնդումը` ընտրություններից հետո հրապարակել ցուցակները, բոլորին հասանելի դարձնել ընտրության մասնակցածների ցանկը: 

-Դա ինձ համար ամենից անկարեւոր պահանջն է: Ես այն համարում եմ պարապ ժամանակվա զբաղմունք` ուրիշ ոչինչ:

  -Այն դեպքում, երբ շատերը դա համարում են ընտրական գործընթացների նկատմամբ հանրության կողմից պատշաճ վերահսկողության իրականացման մեխանի՞զմ:

-Գիտեք, եթե անցկացվել են վստահելի, թափանցիկ, ազատ ընտրություններ, էլ ի՞նչ կարիք կա ընտրողների ցուցակները տպել: Դրանք տպել-չտպելը տասներորդական հարց եմ համարում։ Սա ոստիկանության, դատախազության խնդիրն է եւ պետք է դնել ուժային մարմինների վրա: Նրանք պետք է լինեն հետեւողական, թե արդյոք խախտվե՞լ է օրենքը, պետք է ստուգեն ցուցակները, ու եթե կլինեն ընտրակեղծարարներ` պատժեն:

Այնպես որ, ես ընտրացուցակները հրապարակելու չարչրկված հարցը համարում եմ ոչ քաղաքական, այն իրավական խնդիր է: Իսկ հանրության կողմից պատշաճ վերահսկողության իրականացում կլինի հետկանչի մեխանիզմի ներդրմամբ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031