Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Եթե ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է, ինչո՞ւ հացի գները չեն նվազում»

Հունվար 14,2016 11:55

Հայաստանում բազմաթիվ ապրանքների գներ նվազել են: Այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հորդորեց ներկայացնել գնանկման մասին տեղեկատվությունը: Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը նախորդ տարեվերջին խիստ վերահսկողություն է իրականացրել մի շարք շուկաներում, նպատակն է եղել թույլ չտալ, որպեսզի գերիշխող դիրք զբաղեցնողները գների անհիմն թանկացումներ իրականացնեն:

Ըստ պարոն Շաբոյանի, ուսումնասիրություններ են իրականացվել մոտ 20 ապրանքների գծով, դրանք այն ապրանքներն են, որոնք սոցիալական նշանակություն ունեն և ներմուծվում կամ արտադրվում են գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից: Ըստ ՏՄՊՊՀ ղեկավարի, խոսքը վերաբերում է շաքարավազին, կաթնամթերքին, կարագին, ձեթին, ձավարեղենին, հավի մսին, ձվին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց՝ ալյուրին:

«Այո՝ ալյուրը, ցորենը, ցանկում ընդգրկվել է նաեւ բենզինը, ավտոգազը: Բոլոր այդ ապրանքների գծով Ամանորի նախաշեմին գների աճ չի արձանագրվել, ավելին, որոշ ապրանքատեսակների գծով տարվա ընթացքում գների էական նվազում է արձանագրվել: Մասնավորապես, ալյուրի գները տարվա կտրվածքով նվազել են մինչեւ 30 տոկոսով: Սա մեծ չափով պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրն ու ցորենը ներկրվում է ՌԴ-ից»,- պարզաբանեց Արտակ Շաբոյանը:

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ եթե ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է, ինչո՞ւ հացի գները չեն նվազում: Ի պատասխան պարոն Շաբոյանն ասաց, որ հացի գների անկում արձանագրել են:

«Բայց ոչ 30 տոկոսի չափով»,-նկատեց Հովիկ Աբրահամյանը:

Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ հացի արտադրության ոլորտում կան հարյուրավոր ու հազարավոր տնտեսավարողներ, դաշտը մրցակցային է, հակամրցակցային համաձայնություններ չեն կարող այս դաշտում լինել: «Ես առաջարկում եմ հարյուր հազարների հետ գործ չունենալ, մինչեւ մեկ տասնյակ խոշորներին եւս մեկ անգամ ուսումնասիրել, հասկանալ ինչու հավասարաչափ չեն իջեցվել հացի գները»,- ասաց վարչապետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031