Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ներկայացրեց սուր շնչառական հիվանդություններով հիվանդացության իրավիճակը: Նա նշեց, որ սուր շնչառական հիվանդությունների 56 տոկոսը պայմանավորված է H1N1 հարուցիչով (խոզի գրիպ): Ըստ պարոն Մուրադյանի, հաշվի առնելով, որ այս հիվանդությամբ հոսպիտալացված հիվանդների 80 տոկոսը երեխաներ են, եւս մեկ շաբաթով պետք է հետաձգել դպրոցական ձմեռային արձակուրդները:
Հովիկ Աբրահամյանը կրթության եւ գիտության նախարարին հորդորեց կարգավորել հարցը: Առողջապահության նախարարն ասաց, որ այսօր առավոտյան տվյալներով, երեկվա համեմատ, հիվանդացության նվազում կա: Նախարարի խոսքերով՝ հոսպիտալացված հիվանդներից 11-ը մահացել են, որոնց մոտ հաստատվել է H1N1 հարուցիչը: Այս պահին 11 հիվանդ միացված է արհեստական շնչառական ապարատին, նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նախարարը նաև նշեց, որ հիվանդների ծախսերը, անկախ սոցիալական վիճակից, կազմակերպվել է պետպատվերի շրջանակներում, համապատասխան դեղորայքով հագեցած է եղել հիվանդանոցային ցանցը: Արմեն Մուրադյանի վստահեցմամբ տամիֆլյու դեղամիջոցը հիվանդանոցներում տրվել է անվճար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ