Լրահոս
Օրվա լրահոսը

Մատուռ՝ մարզպետի որդու անունով. hetq.am

Հունվար 14,2016 10:40

Սյունիքի մարզպետարանի տվյալներով՝ 1991-ից ի վեր մարզում կառուցվել են մատուռներ հետեւյալ վայրերում.

Ս. Վարդան (Տեղ, 1997 թ., հովանավոր՝ Սուրեն Էլյազյան)

Մատուռ (Արծվանիկ, 2006, Միքայել Մարգարյան)

Ս. Տրդատ (Գորիս, 2007, Սուրիկ Խաչատրյան)

Ս. Խաչ (Աշոտավան, 2008, Շողիկ Ներսիսյան)

Ս. Հովհաննես (Ճակատեն, 2009, Արշավիր Սարգսյան)

Ս. Նարեկ (Ախլաթյան, արտաքին հարդարման աշխատանքներն ավարտված չեն, Արամ Եղյան):

Գորիսում 2006-ին Ս. Տրդատ անունով մատուռ կառուցած Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի նախկին ու ներկա մարզպետն է (2004-2013, 2014-ից մինչեւ հիմա): 20-ամյակը չբոլորած Տրդատը նրա կրտսեր որդին է, 2006-ին նա ընդամենը 10 տարեկան էր: Ճիշտ է, հայ եկեղեցին ունի այսպիսի սուրբ (Տրդատ Գ Մեծ թագավոր, որի օրոք Հայաստանը քրիստոնեությունը ճանաչեց պետական կրոն), սակայն դժվար է հավատալ, թե որդու անվան հետ համընկնումը պատահականություն է:

Մատուռն օծվել է 2007-ի հունիսի 17-ին թեմի նախկին առաջնորդ տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի հանդիսապետությամբ: Մայր Աթոռի հաղորդագրությունից դատելով՝ կարող ենք ասել, որ այն իսկական իրադարձություն է եղել քաղաքի համար. մասնակցել են թեմի փոխառաջնորդը, Գորիսի հոգեւոր հովիվը, ներկա են եղել մարզպետը, Գորիսի այն տարիների քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, մարզի համայնքապետեր, օտարերկրյա հյուրեր: «Հավարտ արարողության Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ տեր Աբգար վարդապետ Հովակիմյանն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն ուղղեց մարզպետին եւ շինարարներին՝ մասնավորաբար նշելով, որ Սյունյաց աշխարհը միշտ առանձնացել է եկեղեցակառույց Աստվածահաճո գործունեությամբ: Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը եւս օրհնության խոսքն ուղղեց Ս. Տրդատ մատուռի բարերարներին եւ ճարտարապետ-շինարար Սեւադա Զաքարյանին»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:

Բայց հետաքրքիր է, որ մատուռները, որպես կանոն, կառուցվել ու կառուցվում են ի հիշատակ ննջեցյալների կամ որեւէ վկայի (հավատքի համար նահատակված, ապա սրբադասված անձ) գերեզմանի կամ մասունքների վրա: Տոլորսում էլ կա Ս. Մարտիրոս անունով մի մատուռ (մարզպետարանի ցանկում չի նշվել), որը կառուցվել է ավտովթարի ենթարկված, ապա ծանր ախտորոշումից հետո ոտքի կանգնած համագյուղացի Սուրեն Գրիգորյանի երազի հիման վրա եւ օծվել 2011-ին (լուսանկարում):

Հատկանշական է, որ ներկայում շատ են կառուցվում եկեղեցիներ դրանց բարերարների ընտանիքների, հարազատների անուններով: Օրինակ՝ Արցախի Զագլիկ գյուղում Անտոնյանների ընտանիքի կառուցած եկեղեցին անվանակոչվել է Ս. Անտոն (այսպիսի սուրբ մեր եկեղեցին նույնպես ունի), Ստեփանակերտի Ս. Հակոբն իր անունը ստացել է հովանավոր Ներսես Եփրեմյանի վաղամեռիկ որդու հիշատակին: Հայաստանի մյուս մարզերում նման դեպքերը բազմաթիվ են:

Նյութի մանրամասները կարդացեք hetq.am -ի կայքում

Լուսանկարում` Տրդատ Խաչատրյան, Ս. Տրդատ Գ Մեծ, Սուրիկ Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մինաս says:

    Աչքիս խախտվում է ժողովուրդը: Մնում է սահմանադրության մեջ գրվի՝ ամեն ոք առնվազն մի աղոթատեղ պիտի սարքի, չափսերը՝ ըստ կարողության: Ասենք մարդ կլինի 2-3 տեղանոց պստլիկ բան կսարքի, իր ընտանիքը յոլա տանելու համար: Կամ էլ հարեւաններով կհավաքվեն, կոպերատիվ կանեն: Բայց, երեւի հակառակ արդյունքը տա: Հենց որ օրենքով դառնա, իրենց հարգող Հայերն անմիջապես կդադարացնեն էդ գործը՝ ըստ գործող մենտալիտետի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031