Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած H1N1 վարակից մահվան դեպքերին եւ սուր շնչառական հիվանդությունների մեծ թվին, նախարարությունն ասում է՝ իրավիճակը կայուն է

Հունվար 14,2016 10:13

H1N1 վարակը՝ խոզի գրիպը, իսկական խուճապ է առաջացրել բնակչության շրջանում: Խուճապն էլ ավելի է սրվել այդ վարակի պատճառով երեկ գրանցված 3 մահվան դեպքերից հետո: Չնայած երեկվա դրությամբ խոզի գրիպից արդեն 11-րդ անձն է մահացել, առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ իրավիճակը կայուն է եւ խուճապի կարիք չկա:

Նախարարությունն արդեն քանի օր է՝ քաղաքացիներին հորդորում է գրիպի ախտանիշների դեպքում անհապաղ դիմել բժշկի եւ ինքնաբուժմամբ չզբաղվել:
Հետեւելով նախարարության հորդորին՝ մարդիկ ջերմության, գլխացավի դեպքում դիմում են պոլիկլինիկաներ, որտեղ այս օրերին հսկայական հերթեր են:
«Առավոտի» խմբագրություն ահազանգած քաղաքացին ասում է, որ անգամ պոլիկլինիկա են վախենում դիմել, քանի որ եթե անգամ խոզի գրիպ չկա իրենց մոտ, ապա պոլիկլինիկայում հերթի մեջ կանգնած այնքան շատ են գրիպով հիվանդները, որ վարակվելու վտանգը մեծ է. «Ես ջերմություն ունեի, վախենում էի մոտս խոզի գրիպ լիներ, գնացել էի մեր պոլիկլինիկա, էնքան հիվանդ կար, էլ փռշտում էին, էլ քթներն էին «ֆսսցնում», շատերը դիմակ չէին էլ կրում, որ մտածում եմ՝ առողջ էլ լինեմ՝ պոլիկլինիկայում կարող ա վարակվեմ: Լավ ա, իմ մոտ մրսածություն էր, գրիպ չհաստատվեց»:

Առողջապահության նախարարության վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ նման դեպքերում պարտադիր չէ գնալ պոլիկլինիկա, այլ բժշկին տնային կանչ գրեն: Մեր այն դիտարկմանը՝ արդյոք պոլիկլինիկաներն այդքան ռեսուրս ունե՞ն, տիկին Թորոսյանն ասաց. «Սա մեզ համար նոր իրավիճակ չէ, սեզոնային հիվանդություն է, լարված իրավիճակով ենք աշխատում, նմանատիպ իրավիճակ անցյալ տարի էլ է եղել, բայց H1N1 քիչ էր շրջանառվում: Այս եւ գրիպի այլ վարակների, ցանկացած վիրուսների շրջանառությունը ունի իր պարբերականությունը, որը օրինաչափ է համաճարակաբանության մեջ: Այս հարուցիչը 2 տարին մեկ է գլուխ բարձրացնում»: Տիկին Թորոսյանի պատասխանից այդպես էլ պարզ չդարձավ՝ արդյոք պոլիկլինիկաներում կա՞ բժիշկների այնքան ռեսուրս, որոնք կարողանան ե՛ւ բազմաթիվ տնային կանչերին գնալ, ե՛ւ հենց պոլիկլինիկաներում հազարավոր մարդկանց սպասարկեն:

Այս օրերին հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդություններով, այդ թվում նաեւ H1N1 վարակով հիվանդների «տեղ ու դադար» չկա. մարդիկ անգամ ընտանիքներով են ընկնում հիվանդանոց: Բուժհիմնարկներում հիվանդներն այնքան շատ են, որ ազատ հիվանդասենյակներ էլ չկան, անգամ միջանցքներում են բուժօգնություն ցուցաբերում:
Առողջապահության նախարարության կայքէջում տեղադրված հաղորդագրություններից պարզ չէ, թե հանրապետությունում H1N1 վարակով քանի հիվանդ կա:

Ըստ պաշտոնական տվյալների, որը տեղադրված է նախարարության կայքէջում՝ «Հունվարի 11-ին առողջապահության նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչեւ ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 20:00-ի դրությամբ, հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81»: Նկատենք, որ այս հիվանդների թիվը 92-ից 81 է դարձել նաեւ մահվան դեպքերի հետեւանքով:

Նախարարության ներկայացրած վերջին ցուցանիշները վերաբերում են հունվարի 12-ին՝ «Սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը եթե հունվարի 11-ին, ժամը 20:00-ին, 855 էր, ապա այս պահին 799 է: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշեց, որ տոնական օրերին` հունվարի 12-ը ներառյալ, 12.584 քաղաքացի է դիմել բժշկական օգնության: Նշվեց, որ այժմ գրիպով եւ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում հանգիստ է»:

Ի վերջո՝ քանի՞þմահվան դեպք պետք է լինի, կամ քանի՞ մարդ պետք է վարակված լինի, որպեսզի նախարարությունը համաճարակային իրավիճակ հայտարարի: Մեր այս հարցին ի պատասխան՝ Լիանա Թորոսյանն ասում է, որ մեր երկրում չկա այնպիսի իրավիճակ, որպեսզի համաճարակի մասին հայտարարվի: Ըստ տիկին Թորոսյանի՝ «Համաճարակը Հայաստանի համար եւ ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է առաջարկում՝ հիմք է ընդունվում հիվանդացության վերջին 5 տարվա ցուցանիշը, ֆոնային ցուցանիշը, որը կոնկրետ տվյալ տարում գերազանցել է 5 անգամ: Մենք շեմը անցել ենք 1 անգամ: Ամբողջ ցուցանիշների հաշվարկը կատարվում է շաբաթական կտրվածքով, շաբաթը կավարտվի, համաճարակաբանական ցուցանիշներով կհաշվարկվի, ու կխոսենք տվյալ պահի իրավիճակի մասին: Այս շաբաթվա ընթացքում լիարժեք ցուցանիշ կունենանք: Ընդհանուր հաշվարկում հաշվի է առնվում նաեւ պոլիկլինիկական ծառայություններին դիմելիությունը եւ ոչ միայն ստացիոնարի ցուցանիշները»:

Ո՞ր ախտանիշների դեպքում պետք է քաղաքացիներն անհապաղ դիմեն բժշկի, տիկին Թորոսյանը նշում է՝ «Եթե 2 օր 38 եւ բարձր ջերմություն է, ջերմության հետ մկանացավեր, գլխացավ, դժվար շնչառություն, քթից հոսում է, կա կոկորդի ցավ, փորլուծություն եւ փսխում, հազ, անմիջապես պետք է դիմել բժշկի»:

Բժշկուհին նաեւ խորհուրդ է տալիս շատ հեղուկ օգտագործել, վիտամին Ց-ով հարուստ ցիտրուսներ օգտագործել, պահպանել առողջ ապրելակերպ, օդափոխություն կատարել, լիարժեք սնվել, խստագույնս պահպանել ձեռքերի հիգիենան: Թորոսյանի փոխանցմամբ՝ ռիսկային խմբում են սրտի խրոնիկ հիվանդություն ունեցողները, քաղցկեղով հիվանդները, հղիներն ու մինչեւ 5 տարեկան երեխաները, 65 տարեկանն անց անձինք, իմունիտետի խանգարում ու շաքարային դիաբետ ունեցողները, ինչպես նաեւ ճարպակալում ունեցողները: Այս անձինք, որոնց մոտ վերը նշված ախտանիշներ կլինեն, անպայման, առանց հապաղելու պետք է դիմեն բժշկի:

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան արդեն 3 մահվան դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ H1N1-ից 11 մարդ է մահացել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031