Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կհակադրվե՞ն Ղարաբաղյան ճակատում

Հունվար 14,2016 14:30

Պաշտոնական Բաքվի «շանտաժը» շարունակվում է

Շվեյցարիայում դեկտեմբերի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ալիեւն առաջին անգամ անդրադարձել է բանակցություններին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ 2015-ին ոչ մի առաջընթաց տեղի չի ունեցել, եւ նախագահների վերջին հանդիպումը եւս ֆորմալ բնույթ է կրել»,- ասել է Ադրբեջանի նախագահը օրերս կառավարության նիստում: Ալիեւը հավելել է, թե պատճառն այն է, որ Հայաստանը «խաղաղություն չի ցանկանում, այլ ձգտում է, որքան հնարավոր է, երկար պահպանել «ստատուս քվոն», չի ցանկանում հեռանալ օկուպացված հողերից»: Այնուհետեւ Ալիեւը նկատել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը արմատապես տարբերվում է. «Մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են հասնել հակամարտության կարգավորմանը, բնականաբար, դա միջնորդների պարտականությունների մեջ է մտնում: Բայց, ցավոք, ոչ մի լուրջ ճնշում օկուպանտի վրա չի գործադրվում»: Ապա նա անկեղծացել է, թե 2015-ին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը, եւ առաջիկայում եւս Ադրբեջանը կուժեղացնի իր մարտական ներուժը:

Պաշտոնական Բաքուն բացահայտ եւ հետեւողականորեն շրջանցում է այսօր միջնորդների ներկայացրած կոնկրետ առաջարկները: Բեռնում ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն ամփոփելով բանակցությունները` հատուկ շեշտեցին, որ նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների՝ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը, այդ թվում՝ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն միտված առաջարկների մշակման աշխատանքին, եւ որ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ներգրավվածությունը համանախագահների՝ ներկայումս բանակցվող առաջարկների շուրջ:

Ալիեւը, փաստացի, չի էլ թաքցնում բանակցություններից խուսափելու եւ միջազգային հանրությանը «շանտաժի» ենթարկելու իր քաղաքականությունը, նա բաց հայտարարում է, որ Ադրբեջանը շփման գծում «կամք թելադրելով» է զբաղված: Իսկ սա նշանակում է, որ բանակցությունների սեղանի շուրջ Բաքվից ոչ միայն չի կարելի ակնկալել փոխընդունելի համաձայնության շուրջ դիրքորոշում, այլեւ առհասարակ բանակցությունների անցկացումը Ալիեւն, ըստ էության, անիմաստ է համարում: Նա ղարաբաղյան հակամարտության լուծման «բանալին» միջնորդներին «շանտաժի» ենթարկելով, իսկ շփման գծում ու Հայաստան-Ադրբեջան սահմանին խորն անկայունությամբ եւ սադրանքներով «պահանջատեր» լինելու մեջ է տեսնում:

Բայց ամենացավալին այն է, որ «սպասումներին» զուգահեռ՝ Ալիեւը աջակից է տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանին: Վերջին շրջանում Բաքուն ու Մոսկվան, կարծես, պայմանավորված ակնարկներ են անում Ռուսաստանի կողմից առանձին միջնորդական ջանքերի մասին: Կարող է հարց ծագել՝ իսկ ի՞նչ վատ բան կա նրանում, որ Մոսկվան առանձին է փորձում «խաղ» տանել, մանավանդ որ՝ պարբերաբար նման ձգտումներ ունեցել ու դրսեւորել է: Խնդիրն այն է, որ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում ԼՂ խնդրի վրա ազդեցությունն այսօր կարող է հայկական կողմի համար բացասական հունով ընթանալ:

Ռուս-ադրբեջանական «խաղ»` Ղարաբաղի շուրջ

Տարեսկզբին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ուշագրավ շեշտադրություններով անդրադարձ է կատարել ԼՂ հիմնախնդրին` փաստելով, թե Ռուսաստանն անհանգստացած է ԼՂ-ում տիրող իրավիճակով։ «Վերջին ամիսներին մենք դարձել ենք ծանր հրետանու, խոշոր տրամաչափի գնդացիրների, համազարկային կրակի ռեակտիվ սարքերի կիրառմամբ զինված հակամարտության ակտիվացման ականատեսներ, ինչը հանգեցրել է զոհերի թվի մեծացման, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Նման իրավիճակը չի կարող մեզ չանհանգստացնել»,- ասել է նա։ Թե ինչի արդյունքում է Ադրբեջանն ավելի ու ավելի սանձարձակ դառնում, արդյոք Ռուսաստանի կողմից բազմամիլիարդանոց զենքի վաճառքների պայմանագրերն էլ իրենց հերթին չե՞ն հանգեցրել այս իրավիճակին, իհարկե, ռուս պաշտոնյան լռում է:

Նրա խոսքով՝ հակամարտող կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը կայուն խաղաղության հասնելու նպատակով։ «Միջազգային միջնորդների այս կոշտ դիրքորոշումը հստակ արտահայտված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայտարարությունում՝ 2015-ի սկզբին անցկացված ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում»,- ասել է նա։ «Ռուսաստանը, լինելով կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, ակտիվ ջանքեր է ձեռնարկում՝ օգնելու հակամարտող կողմերին հասնելու փոխզիջման։ Վերջին շրջանում տեղի են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի գործընկերների հետ Լավրովի մի շարք խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել է ԼՂ կարգավորման հարցերի ողջ համալիրը։ Հուսով եմ, որ Նոր տարուց անմիջապես հետո այդ աշխատանքը կշարունակվի։ Բնականաբար, առանց ուշադրության չի մնա նաեւ ռազմական դրությունը»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նկատենք, որ վերջերս նաեւ պաշտոնական Բաքուն է շարունակաբար խոսում Լավրովի ներկայացրած առաջարկների մասին, հետեւաբար տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը այսօր միջնորդների ջանքերից դուրս ինչ-որ պայմանավորվածությունների մասին են խոսում:

Ամենաուշագրավն այստեղ ներկայիս վճռորոշ փուլն է: Իրականում ԱՄՆ-ի կողմից ներկայացված` հետաքննությունների մեխանիզմ կիրառելու վերաբերյալ առաջարկները կյանքի կոչելու գաղափարը հայկական կողմի համար խիստ նպաստավոր առաջարկ է, եւ բնական է, որ հենց պաշտոնական Բաքուն է դա մերժում` ապացուցելով, որ հենց Ադրբեջանն է շփման գծում լարվածության պահպանման կողմնակիցը: Եվ այս մթնոլորտում Ռուսաստանն ու Ադրբեջանը, կարծես, ԼՂ կարգավորման ներկայիս առաջնահերթությունները «լղոզելու» կոնկրետ քաղաքականություն են վարում:

Վաշինգտոնը հետեւողական ջանքեր է գործադրում

Հունվարի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆոռնիա նահանգից) նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել արագացնել ԼՂ-ում խաղաղությանն առնչվող Ռոյս-Էնգելի առաջարկների իրագործումը։ Կոչը հնչեցվել է ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ համատեղ ճեպազրույցում։ «Ինչպես ասել է դեսպան Ուորլիքը, դա «սառեցված հակամարտություն» չէ, այլ մոռացված հակամարտություն՝ վերահսկողությունից դուրս գալու իրական ռիսկով։ Ահա թե ինչու մենք ունենք բոլոր դիպուկահարներին հեռացնելու, ավելի շատ միջազգային դիտորդների տեղակայման եւ յուրաքանչյուր խախտման համար թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման նպատակով կրակի արձակման լոկատոր-համակարգերի տեղակայման անհրաժեշտություն։ Ագրեսիայի դրսեւորումները պետք է հստակ դատապարտվեն։ Որքան արագ վարչակազմը կարողանա օգնել այս ամենը տեղը դնելու հարցում, այնքան արագ կկարողանա վերջ տալ սպանություններին ու կանխել պատերազմը»,- ասվում է Ռոյսի հայտարարության մեջ։
Հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը քննարկել են ԼՂ հարցի կարգավորումը։ Օրեր առաջ Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացնելով այդ մասին` նշել էր. «Երախտապարտ եմ հանձնաժողովին եւ դրա նախագահ Էդ Ռոյսին ԼՂ հարցի կարգավորման շուրջ քննարկման համար։ Մենք պայմանավորվել ենք աշխատել միասին հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- գրել է Ուորլիքը։

Ինչպես նկատում ենք, ամերիկացի համանախագահը նույնիսկ Բաքվից իր հասցեին հնչող խիստ քննադատությունների, «հայամետ գործունեություն» ծավալելու մեղադրանքների առկայության պայմաններում անշեղորեն շարունակում է իր աշխատանքը, որն իրականում այսօրվա պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունն է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Ավելի ուշ Ուորլիքն անդրադառնալով դեկտեմբերի բանակցություններին` նշել է, որ թեեւ չի հաջողվել բեկում գրանցել Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ, սակայն համանախագահները ձգտելու են նախագահների հանդիպում կազմակերպել նաեւ նոր տարում. «Արդեն իսկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի ամբողջ շարք հարցեր՝ ներառյալ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները»։
Միացյալ Նահանգներն, այսպիսով, բավական հետեւողականորեն առաջ է տանում ոչ միայն սահմաններում լարվածության թուլացմանն ուղղված քայլերը իրագործելու հարցում իր պահանջը, այլեւ սադրանքների հեղինակներին, այսինքն` Ադրբեջանին դատապարտելու հարցում ավելի կոնկրետ լինելու անհրաժեշտությունն է շեշտում: Այլ կերպ ասած` Վաշինգտոնը ձգտում է իրերն իրենց անունով կոչել` Ալիեւի իշխանությանը բնորոշել այնպիսին, ինչպիսին որ իրականում կա:

Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-Ռուսաստան հակասություններն ավելի ցայտուն կդառնան` ժամանակի հարց է: Գոնե այս պահին ԼՂ խնդրում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մոտեցումների որոշակի տարբերություն արդեն իսկ նկատվում է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031