Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառքի հոդվածով մի դեպքում արդարացնում են, մի դեպքում՝ ազատազրկո՞ւմ

Հունվար 14,2016 13:30

Երկակի ստանդարտներ՝ դատական պրակտիկայում

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Կարինե Ղազարյան, Մխիթար Պապոյան եւ Վազգեն Ռշտունի կազմով, անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին դատական կարգադրիչների գործով Կենտրոնի դատավճռի դեմ բողոք բերածներին արդարացրեց: Ըստ էության, բացի այն, որ մերժեց դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի բողոքը, ավելացրեց նրա պատժաչափը:

«Առավոտի» տեղեկությունները, որ ՀՀ գլխավոր դատախազին է դիմել արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Միսակ Մարտիրոսյանը, հաստատեց նրա պաշտպանությունն առաջին երկու դատական ատյաններում իրականացրած պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների միության անդամ Վարդան Զուռնաչյանը:

Դատախազի ուշադրությունն է հրավիրվում այն, որ վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտից հետո փորձ է արվել ձեւավորել արատավոր պրակտիկա՝ կիրառելով երկակի ստանդարտ: Մ. Մարտիրոսյանը դիմել էր դատախազին, որ ինչպես երեք ատյանի դատարաններում ավարտված Ա.Հովհաննիսյանի գործով է վճռաբեկ բողոք բերվել, այնպես էլ դատական դեպարտամենտի գործով բերվի վճռաբեկ բողոք. «Ձեր դիրքորոշումն այս հարցով, կարեւոր նշանակություն կունենա պատժողական քաղաքականություն ձեւավորելու հարցում»:

Պաշտպանական կողմի համար վիճարկելին տարբեր չափորոշիչների կիրառումն է նույն հանցանքի դեպքում: Մասնավորապես, այս քրեական գործով վերաքննիչ դատարանով արդարացված ՀՀ վճռաբեկ դատարանի կադրերի գծով պատասխանատու Անգին Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, երկու՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խոշոր չափի կաշառք ստանալու դրվագով: Ըստ Մ. Մարտիրոսյանի գլխավոր դատախազին ուղղված դիմումի, առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս հաշվի առնելով Ա.Ղուկասյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները (մինչեւ 14 տարեկան երեխայի խնամքի տակ լինելը, բնակության վայրում դրական բնութագրվելը եւ հանցագործությունը բացահայտելուն, հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն աջակցելը), արձանագրելով, որ պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան, կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը՝ նրան դատապարտելով երկու տարի ժամկետով ազատազրկման:

Արդարացնելը Ա. Ղուկասյանին, առաջին ատյանի դատարանը համարել էր անթույլատրելի, քանի որ, ըստ դատարանի իրավական դիրքորոշման, Ա.Ղուկասյանը կատարել էր «առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք, կաշառք էր ստացել երկու դրվագով, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, եւ՝ կաշառքի փաստերը հետեւել են նրա կողմից ցուցաբերված նախաձեռնողականությանը»: Դատարանում հնչածի համաձայն, նա կաշառք էր ստացել, ապա փոխանցել դա Միսակ Մարտիրոսյանին, մի դեպքում էլ կաշառքի վրայից իր մասը «քերելով»: Խոսքը հազար դոլարից երկու հարյուրն իրեն վերցնելու մասին էր:

Ի դեպ, Վերաքննիչ քրեական դատարան բողոք էին բերել ոչ միայն ամբաստանյալներ Գեղամ Գրիգորյանը, Անգին Ղուկասյանը, Միսակ Մարտիրոսյանը, այլ նաեւ մեղադրողները` Հ. Մելքոնյանը եւ Ս. Խաչատրյանը, եւ այդ բողոքը վերաբերում էր Ա. Ղուկասյանին էլ:

Այս քրեական գործով Ա. Ղուկասյանն է իրավապահ մարմիններին առաջինը հայտնել կաշառքի երեք դրվագների մասին, իսկ կաշառք տվողները, ըստ գլխավոր դատախազին ուղղված բողոքի, ընդամենը հետագայում հաստատել են Ա. Ղուկասյանի հայտնածները, ըստ էության նշելով մի այնպիսի նոր հանգամանք, որը մինչ այդ չէր քննարկվել առաջին ատյանի դատարանում: «Այս պայմաններում անհասկանալի մնաց, թե ինչպես են կաշառք տվողների մասով քրեական գործի վարույթը կարճել կամովին, ինքնակամ իրավապահ մարմիններին ներկայանալու հիմքով եւ դատարանից խնդրել են Ա.Ղուկասյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չկիրառեն»,- ասում է Մ. Մարտիրոսյանի պաշտպանական կողմը:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն էլ երկու դրվագով՝ «խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք ստացող» Ա. Ղուկասյանի նկատմամբ որոշել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Մ. Մարտիրոսյանի պաշտպանական կողմը նշում է, որ գործ ունենք ՀՀ գլխավոր դատախազության կողմից կիրառվող երկակի ստանդարտի հետ, քանի որ, ըստ նրանց փաստարկների, դատական պրակտիկայում կաշառք ստացողները, որոնք անգամ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասով (նախատեսում է տուգանք եւ ազատազրկում մինչեւ հինգ տարի ժամկետով), գերազանցապես դատապարտվում են ազատազրկման: Իսկ Ա. Ղուկասյանը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, որը նախատեսում է ազատազրկում 4-10 տարի ժամանակով, նրա նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի արդարացնող եւ պայմանական պատիժը չկրելու հոդվածները:
Որպես օրինակ, պաշտպանական կողմը գլխավոր դատախազին տեղեկացրել է թիվ ԵԿԴ 0096/01/13 քրեական գործի մասին: Ա. Հովհաննիսյանը, որը մեղադրվել է առանձնապես խոշոր չափի կաշառք տալու համար, իսկ նրան սպառնում էր ազատազրկում 3-7 տարի ժամանակով, առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման եւ միաժամանակ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը՝ պատիժը պայմանական չկիրառելու, սակայն դատախազը վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ բողոքներ է ներկայացրել, միջնորդել, որպեսզի մեղադրյալը փաստացի իր պատիժը կրի, նշելով կաշառքի «հանրային մեծ վտանգավորությունը, պետության անզիջում պայքարը կաշառակերության դեմ»: ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի բողոքը եւ բեկանել է դատական ակտը:

«Ստացվում է, որ մի դեպքում կաշառք տալու մեղադրանքով գլխավոր դատախա-զությունը հետամուտ է լինում, որ անձը ազատազրկման ձեւով պատիժ կրի, իսկ մեկ այլ դեպքում, երբ անձը մեղադրվում է երկու դրվագով խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, որն առավել մեծ հանրային վտանգավորություն է ներկայացնում, քան կաշառք տալը, հետամուտ է լինում, որ մեղադրյալը ազատազրկման ձեւով պատիժ չկրի: Այն էլ այն պարագայում, որ Ա. Ղուկասյանի եւ վերոհիշյալ քրեական գործով մեղադրյալի պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները գրեթե նույնական են, դեռ ավելին, Ա. Ղուկասյանն էլ իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրվող արարքում, հանդիսացել է հանցագործության նախաձեռնողը ու կաշառք է ստացել երկու դրվագով»,- նշել է պաշտպանական կողմը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031