«Օրեր» համաեվրոպական ամսագիրը Չեխիայում լույս է տեսնում 1999 թ. հոկտեմբերից: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշում է «Օրերի» գլխավոր խմբագիր , արդեն 16 տարի լուսաբանում են ոչ միայն չեխահայության, այլ եվրոպահայության համայնքային կյանքը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, մշակութային, տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտներին առնչվող հայաստանյան գլխավոր իրադարձությունները: «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը տարածվում է 25 երկրներում՝ Չեխիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Նիդեռլանդներում, Բելգիայում եւ այլուր: «Մեծ ուշադրություն ենք դարձնում հատկապես մշակութային իրադարձություններին, փորձում ենք գտնել Եվրոպայի այնպիսի հայերի, որոնք որոշակի հաջողությունների են հասել իրենց երկրներում: Անցած 16 տարիների ընթացքում կազմավորվել է մեր հավատարիմ ընթերցողների բանակը, որը եվրոպական տարբեր երկրներից ոչ միայն կարդում է մեր ամսագիրը, այլեւ թղթակցում:
Ժամանակի ընթացքում բացել ենք orer.cz, orer.eu կայքէջը, որը սկզբից ավելի շատ ամսագրային էր, իսկ հիմա վերածվել է լրատվական կայքէջի, գլխավոր խմբագիրն էլ իմ տիկինն է՝ Աննա Կարապետյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողը: Փորձում ենք կայքն ակտիվացնել եվրոպական հայկական համայնքների վերաբերյալ ամենօրյա լրատվությամբ, իսկ ամսագրում ավելի թեմատիկ հոդվածներով ենք անդրադառնում տեղի ունեցող իրադարձություններին: Ամսագրի ամեն համարում լուսաբանում ենք եվրոպական որեւէ համայնք, անդրադառնում ենք ոչ միայն այս կամ այն համայնքի անցյալին, ներկային, այլեւ ուշադրություն ենք դարձնում, թե ինչ երիտասարդություն կա տվյալ համայնքում, եւ համայնքների ապագան ինչի վրա է հիմնված լինելու: Այդ նպատակով արդեն եղել ենք Մերձբալթյան երկրներում, Ռումինիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Ավստրիայում, Գերմանիայում, եւ այդպես շարունակաբար պետք է լուսաբանենք մյուսները:
Ուզում ենք, որ «Օրեր» եվրոպական ամսագիրը իրոք իր առաքելությունը կատարի, դառնա եվրոպահայության իրական ցանց եւ ամբիոն: Ներկայումս միայն գովազդի հաշվին եւ տարբեր դրամաշնորհներով ենք գոյատեւում, բաժանորդագրությունը մեծ չէ, հիմնականում ամսագիրն անվճար ենք բաժանում, բայց ուզում ենք առաջիկայում բաժանորդագրության նոր մեխանիզմ մշակել, որ ամսագիրն ընթերցողների ավելի մեծ շրջանակ ընդգրկի»,- հայտնեց Հակոբ Ասատրյանը:
Իսկ հե՞շտ է Եվրոպայում ամսագիր հրատարակելը, այն էլ՝ հայերեն: «Շատ դժվար է, մանավանդ հայերեն, եթե լրագրությունը մեր մասնագիտությունը չլիներ, գուցե վաղուց հրաժարված լինեինք, բայց քանի որ մեր մասնագիտությունը շատ ենք սիրում եւ նվիրված ենք, սա մեզ համար կարծես կյանքի գործ է»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ամսագրի նպատակը հայապահպանությունն է, «դրսում» ապրող հայ երիտասարդությանը արմատներին մոտ պահելը:
Կարդացեք նաև
Մեր զրույցի ընթացքում Հակոբ Ասատրյանը անդրադարձավ Հայաստանում գործող orer.am կայքին, ասելով, որ դա շփոթ է առաջացնում իրենց ընթերցողների մոտ. «Մեզ համար մեծ անակնկալ էր նույն անունով կայքի ի հայտ գալը, մանավանդ մեր եւ իրենց քաղաքականությունները միմյանց հետ չեն առնչվում: Ես ամեն անգամ փորձում եմ ընթերցողներին ու գործընկերներիս բացատրել, որ orer.am-ը կապ չունի orer.cz-ի կամ orer.eu-ի հետ: 16 տարի սփյուռքում գործում է «Օրեր» ամսագիրը եւ այդ անունով կայքէջը, ուստի լավ կլիներ, որ ոչ թե այդ, այլ ուրիշ անունով էջ բացվեր Հայաստանում»:
«Օրերի» խմբագիրը խոսեց նաեւ այլ երկրներում հանդիպող հայկական հետքի մասին. «Միշտ ուրախանում ենք որեւէ հայկական հետք հայտնաբերելիս: Դրանցից մեկը կապված է Գեւորգ Դեոդատի հետ, որը 1714 թ. Պրահայում բացեց առաջին սրճարանը, հետո երկրորդը, երրորդը… Ինձ համար հետաքրքիր էր ոչ միայն սրճարանի տեղի հայտնաբերումը, այլեւ այն, որ Չեխիայի ազգային գրադարանում գտանք Գեւորգ Դեոդատի ստեղծագործությունները: Պարզվում է, որ նա ոչ միայն հաջողակ առեւտրական է եղել, այլեւ փիլիսոփա: Տարբեր լեզուներով, այդ թվում՝ արաբերեն ու գերմաներեն, պահպանվել են իր գրած փիլիսոփայական ու աստվածաբանական աշխատությունները՝ գրադարանի հատուկ ֆոնդում: «Մառլենկա» ընկերության տնօրեն Գեւորգ Ավետիսյանի ջանքերով այդ գրքերը էլեկտրոնային տարբերակով նկարահանվել եւ ուղարկվել են Մատենադարան: Հաջորդը այն տներն են, որտեղ ապրել է «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելը: Հայ համայնքի ու եկեղեցու ցանկությունն է՝ Վերֆելի մի արձան կանգնեցնել Պրահայում՝ ի հիշատակ նրա կատարած աշխատանքի: Հայկական հետքեր կարելի է հայտնաբերել նույնիսկ Պրահայի իսպանական սինագոգում: Այնտեղ պատահաբար հայերեն տառերով լուցկիներ նկատեցի: Հրեա մի արտադրող 20-ական թվականներին մի քանի լեզուներին զուգահեռ նաեւ հայերենով է գրել իր արտադրած լուցկիների վրա եւ դա այժմ ցուցադրվում է հրեական սինագոգի թանգարանում: Իմիջիայլոց, Չեխիայում հայկական համայնքը մեծ չի եղել, հայկական հետքն այդքան ակնառու չէ, բայց միշտ եղել են նվիրյալ հայեր, օրինակ՝ արեւելագետ Նշան Մարտիրոսյանը, նրա որդին՝ կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանը, որը մինչեւ հիմա ապրում եւ աշխատում է: Այսօր էլ կան մեծ թվով երեւելի նկարիչներ, երաժիշտներ, ճանաչված գործարարներ»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Պրահա-Երեւան
Լուսանկարը՝ հեղինակի:
«Առավոտ» օրաթերթ
13.01.2016