Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անել, երբ անբացատրելի տխրությունն է պատել ձեր հոգին

Հունվար 14,2016 12:30

Դուք ապրում եք ձեր կյանքի միջին տարիներն ու անհասկանալի մի տխրություն է պատել ձեր հոգին: Կամ չի ստացվել, որ ամուսնանք, կամ երեխաներ չեք ունենում, կամ էլ նույնիսկ ամեն ինչ կա, սեղանն առատ է ու տունն էլ տաք, բայց տխուր եք: Ձեր մասին մտածում եք, որ կյանքն անցավ ու բան չհասկացաք, հիասթափվում եք ու վեճեր առաջացնում ձեր ընտանիքի ու ընկերների հետ, հակառակում եք մարդկանց ու երբեմն էլ դիտմամբ բարկացնում նրանց: Փնտրում եք լուծումներ, բայց ոչինչ չի օգնում:

Այն, ինչ որ կկիսեմ ձեզ հետ, Նիկոլայ Սերբացու Առաքելական Նամակներից 17-րդն է, ու նա պատասխանում է մի կնոջ, ում պատել էր խորը տխրություն:

Դու գրում ես, որ քեզ ճնշում է անդիմադրելի մի տխրություն: Քո մարմինն առողջ է, տունդ առատ, իսկ սրտում՝ դատարկություն: Ստիպված գնում ես պարահանդեսների ու զվարճանքի վայրեր, բայց ամեն ինչ ավելի է մեծացնում վիշտդ:

Զգուշացիր, սա հոգու վտանգավոր հիվանդություն է:

Այն կարող է սպանել հոգին: Նման տխրությունը եկեղեցին մահացու մեղք է համարում, քանի որ, ըստ առաքյալի, կա երկու տեսակի տխրություն. տխրություն հանուն Աստծո, որը տանում է ապաշխարութիւն ու փրկութեան, եւ աշխարհիկ վիշտ, որ տանում է մահվան: Ակնհայտ է, որ դու տառապում ես երկրորդ տեսակի վշտով:

Հանուն Աստծո տխրությունը պատում է մարդուն, երբ նա հիշում է իր սխալներն ու մեղքերը, ապաշխարում ու դառնում դեպի Աստված: Հնարավոր է, որ մեկը նաեւ տխրի իր բարեկամների ու հարեւանների համար, տեսնելով, թե ինչպես են նրանք հեռանում հավատքից: Այսպիսի տխրությունը Աստված դարձնում է ուրախություն: Այսպիսի տխրության մասին Պողոս առաքյալը գրում է. «իբրեւ թէ տրտմածներ, բայց եւ շատ ուրախ ենք» (2 Կորնթ. 6:10): Նրանք ուրախանում են, որովհետեւ զգում են Աստծո ուժն ու մոտիկությունը: Եվ Աստծուց ընդունում են մխիթարություն, ինչպես 76-րդ Սաղմոսն է ասում. «Հոգիս չէր ուզում մխիթարվել։ Հիշեցի Աստծուն եւ ուրախացա»:

Սրբերի տխրությունը նման է ամպերին, որոնց միջոցով արեւը սփոփանք է շողում: Իսկ քո տխրությունը նման է արեւի խավարման: Երեւի քո թիկունքում բավական մանր մեղքեր ու սխալներ կան, որոնք դու համարում ես աննշան, դրանց համար չես զղջացել ու չես խոստովանել: Կարծես մի սարդոստայն խճճել է քո հոգին ու այդ տխրության համար բույն դրել, որը մի դիվական ուժ չարամտորեն պահում է քո ներսում:

Հետեւաբար

Վերանայիր քո ամբողջ կյանքը: Խստորեն քննիր քո սեփական անձը ու խոստովանելով զղջա ամեն սխալի համար: Խոստովանությամբ ու զղջմամբ դու կօդափոխես ու կմաքրես քո հոգու տունը: Եվ այնտեղ կմտնի թարմ ու առողջ օդ Աստուծո Հոգուց: Այնուհետեւ անցիր բարի գործեր գործելուն: Օրինակ, սկսիր ողորմություն տալ հանուն Քրիստոսի: Քրիստոսը կտեսնի ու կզգա այն, ու շուտով քեզ ուրախություն կտա: Կտա այն անպատմելի ուրախությունը, որ ոչ վիշտը, ոչ տառապանքը, ոչ էլ որեւէ չար ուժ չեն կարող մթագնել: Սաղմոսները կարդա: Այս գիրքը վշտացած հոգիների համար սփոփանք է ու մխիթարություն: Տերը քեզ ուրախություն ուղարկի:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/ hareyanarm/

 

«Առավոտ» օրաթերթ
13.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031