Շուրջ 300 տարի առաջ պրուսացի բարոկկո ուղղության քանդակագործ ու ճարտարապետ Անդրեաս Շլյուտերնի կառուցած Գերմանիայի Բրանդեբուրգի հանրահայտ Պրյոտցել դղյակում 2011թ. անցկացվում է Կոմիտասի անվան մրցույթ-փառատոնը: Ի դեպ, աշխարհում առաջինը Վարդապետի անվան այս միջոցառման հիմնադիրներն են Արամ եւ Վահրամ Եկավյան եղբայրները:
«Առավոտը» հանդիպեց ամանորյա տոներին հայրենիքում գտնվող Վահրամ Եկավյանի հետ: Վերջինիս հետ զրուցել էինք 2014թ., հետեւաբար հետաքրքրվեցինք անցյալ տարի կայացած փառատոնի անցուդարձով եւ ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում արդեն այս տարի Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին մեկնարկող հոբելյանական 5-րդ փառատոնի կապակցությամբ:
Վահրամ Եկավյանը նախ հակիրճ էքսկուրս կատարեց՝ հանրագումարի բերելով նախկին 4 տարիներին կայացածը: «Ես ու եղբայրս ի սկզբանե երկու մեծ գաղափար ենք ունեցել: Առաջինը՝ հիմնել Կոմիտասի անվան փառատոն, ինչը իրականացրինք եւ երկրորդ՝ 2013թ. պարզապես համարձակություն էր հայ հանճարի մրցույթը զուգահեռել գերմանացի հանճարի՝ Բախի հետ: Ելնելով հեղինակավոր երաժիշտների խոսքից եւ տարբեր պարբերականներում տեղ գտած հոդվածներից, վստահ կարող եմ ասել, որ այն, ինչ ի սկզբանե ծրագրել էինք՝ հաջողությամբ պսակվեց»,- ասաց մեր զրուցակիցը: Ապա հավելեց. «Անշուշտ, մինչ մեր առաջին փառատոնի կայանալը, ոչ միայն Գերմանիայում, աշխարհով մեկ հայաստանցի ճանաչված երաժիշտները, այդ թվում՝ Կոմիտասի անվան լարային քառյակը, հնչեցրել են Վարդապետի գործերը, բայց այն, ինչ կատարվում էր՝ սկսած առաջին փառատոնից, նույնիսկ մեզ համար էր անսպասելի: Օրինակ, այսօր արդեն Կոմիտաս են դասավանդում Ֆրանսիայի եւ Գերմանիայի երաժշտական հաստատություններում, Բրանդենբուրգի երեք երաժշտական դպրոցների դասախոսները սկսեցին իրենց ուսուցման ծրագրերում ներառել Կոմիտաս: Այսօր արդեն պայմանագիր ենք կնքել եվրոպական ճանաչված նվագախմբերից մեկի՝ Բեռլին-սիմֆոնիկի հետ, ի դեմս գեղարվեստական ղեկավար Լիոր Շամբադալի, որի արդյունքում այս տարի ոչ թե Վարդապետի ծննդյան օրը, այլ օգոստոսի 5-ին հիշյալ նվագախումբը իր ներկայությամբ կպատվի փառատոնը: Ծրագրել ենք հրավիրել երեք հայ դիրիժորների, որոնցից առայժմ մեկի անունը կարող եմ հայտնել, դա Ռուբեն Ասատրյանն է, ով կհանդիսանա նաեւ փառատոնի գեղարվեստական ղեկավարը: Հենց մաեստրոյի հետ հանդիպման նպատակով էլ գտնվում եմ Երեւանում: Ընդ որում, այս տարի կայանալիք փառատոնի շրջանակներում անպայման կանդրադառնանք կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 95-ամյակին, իսկ գերնպատակն է օտար երաժիշտները հանդես գան Կոմիտասի երկերով, իսկ հայերը՝ Բախի»:
Մեր զրուցակիցը չբացահայտելով մշտապես երկու անվանակարգերում՝ «Դաշնամուր» եւ «Մեներգ» անցկացվող այս տարի կայանալիք մրցույթի ժյուրիի անդամների անունները, հիշեցրեց միայն, որ նախկինում ճանաչված անուններ են ընդգրկվել հանձնախմբի կազմում, այդ թվում՝ Հովհաննես Չեքիջյան, Ռոբերտ Ամիրխանյան, Հասմիկ Պապյան, Կարինե Օհանյան, Բեռլինի կոնսերվատորիայի դոցենտ Կարինե Գիլարյան, օպերային երգիչներ՝ ֆրանսաբնակ Մկրտիչ Մկրտչյան, Բավարիայից Հրաչուհի Բազենց, Արտակ Կիրակոսյան, Բեռլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նինո Սանդրո, Համբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ստեփան Սիմոնյան եւ այլն, ապա պարոն Եկավյանը դարձյալ հակիրճ անդրադարձավ 2015թ. կայացած մրցույթին, հավաստիացրեց, թե տարեցտարի ավելանում է ոչ միայն մասնակիցների թիվը, այլեւ աշխարհագրությունը: Հավելեց, թե ժյուրիի աշխատանքներին իր մասնակցությունն էր բերել սոպրանո Հասմիկ Պապյանը, որի օրինակին հետեւել են ժյուրիի բոլոր անդամները, այն է՝ հրաժարվել են հոնորարից:
Դիտարկմանը, որ նախորդ հանդիպման ժամանակ հրաժարվել էր հարցից, թե ինչ միջոցներով է կայանում մրցույթ-փառատոնը, ավելին, մեզ հայտնի է, որ հենց ինքը՝ Վահրամ Եկավյանը ժամանակին, հավանաբար մրցույթի հետ կապված, հանդիպել է Հայաստանի նախագահի տիկնոջը, մեր զրուցակիցը այս անգամ էլ խուսափեց կոնկրետ պատասխան հնչեցնելուց, միայն ասաց, թե հովանավոր մինչ օրս չունեն, մրցույթ-փառատոնի հոգսերն էլ հոգում են ինքն ու եղբայրը: Ավելի ուշ հայտնեց, թե իսկապես հանդիպել է ՀՀ նախագահի տիկնոջ, մշակույթի նախարարի հետ, իսկ սփյուռքի նախարարից էլ 2014թ. հենց Կոմիտասի ծննդյան օրը պարգեւատրվել է Վարդապետի հուշամեդալով: «Բացի հովանավորությունից, բարձր ենք գնահատում, այսպես կոչված, հոգեւոր աջակցությունը, ինչը իսկապես ստացել եմ Ռիտա Սարգսյանի, Հասմիկ Պողոսյանի, Հրանուշ Հակոբյանի կողմից»,- հավելեց պարոն Եկավյանը: Միայն մեկ ցանկություն հայտնեց. «Հնարավորության սահմաններում շատ կուզենք, որ մշակույթի եւ սփյուռքի նախարարները մեզ օգնեն կոմիտասյան տպագիր ստեղծագործություններով»: Ռեպլիկին, թե այսօր դա անհասանելի չէ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եվրոպայում եւ ընդհանրապես քաղաքակիրթ երկրում ապրող ու ստեղծագործող եւ ոչ մի իրեն հարգող երաժիշտ պարզապես իրեն թույլ չի տա օգտվել տարբեր կայքերում եղած, այս դեպքում՝ կոմիտասյան ստեղծագործություններից: Իհարկե, քանիցս մեզ դիմել են, հնարավորության սահմաններում օգտակար ենք եղել: Իսկ եթե մրցույթ-փառատոնը հայրենիքից ստանա արդեն հրատարակված կոմիտասյան ստեղծագործությունները, մենք դրանք պարզապես կնվիրենք ոչ միայն Գերմանիայի, այլեւ Եվրոպայի մասնագիտական հաստատություններին»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.01.2016