Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Գոռ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2015թ. հուլիսի 20-ի ժամը 18. 00-ի սահմաններում զորամասի տարածքից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել, քաղել, տնայնագործական եղանակով՝ արդուկով չորացնելու միջոցով պատրաստել է զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց, այն պահել հագուստի գրպանում, հուլիսի 21-ին, ժամը 17-ի սահմաններում ծխախոտի մեկ գլանակի մեջ լցված թմրանյութի մի մասը զորամասի ճաշարանի հարակից տարածքում օգտագործել է, իսկ մնացած մասը՝ 1.660 գրամ հաստատուն քաշով թմրամիջոցը տվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, Իջեւան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գրիգոր Սուքիասյանին:
Գ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով, 268 հոդվածի 1-ին մասով, 364.2 հոդվածի 1-ին մասով, իսկ Գ.Սուքիասյանին՝ 268 հոդվածի 1-ին մասով, երկուսի հանդեպ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունվարի 20-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ