«Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը կարող է մի քանի ազդանշան լինել. մի կողմից ներիշխանական ինչ-որ հարաբերությունների, մյուս կողմից՝ նաեւ միջազգային էլ նաեւ լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն էր հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս էր հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը:
Մեր դիտարկմանը, թե գուցե հենց Կարեն Անդրեասյանի վրա է ճնշում եղել, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց, որ եթե նույնիսկ այդպես է, դա նույնպես ներիշխանական պայքարի տրամաբանության մեջ է մտնում. «ՄԻՊ ինստիտուտը ոչ այնքան հայկական է, որքան Եվրախորհրդի մեր պարտավորությունների շրջանակներում գտնվող պարտականություն է, մեր կողմից ստանձնած պարտավորություն է: Սա ցույց է տալիս, որ երկրում չկա որեւէ ժողովրդավարական օղակ: Այսպիսի պաշտպանված անձ, որն, ըստ էության, պետք է մնացած բոլորին պաշտպանի, անպաշտպան վիճակում»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ