Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. Հանրաքվեից հետո հարուցված քրեական գործերը որոշ ժամանակ անց կկարճվեն

Հունվար 13,2016 22:15

«Մենք, կարծես թե դինամիկ փոփոխվող իրավիճակում ենք գտնվում եւ շատ քայլեր իրավիճակից ելնելով կարող է կատարվեն: Ակնհայտ է, որ Նոր Հայաստանի շնորհիվ այս հանրաքվեն իշխանությունների համար այլ ընթացք ունեցավ, քան նախատեսված էր իրենց կողմից»,- այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի հետագա քայլերին, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա ի նկատի ունի միջազգային կառույցների արձագանքը: «Կարծում եմ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ իշխանությունները որեւէ վստահություն ռեսուրս չունեն հասարակության մոտ: Եվ այն, ինչ հիմա է կատարվում, ըստ էության, ապացուցեց, որ իշխանություններն են, որ կազմակերպել են այդ ընտրակեղծիքները: Հանցագործության մասին այն հարյուրավոր հաղորդումները, որոնց մի բավականին ստվար մասին լրագրողներն են ականատես եղել եւ իրենց տեղեկատվության միջոցով է բացահայտվել, իշխանությունները կոծկում են: Մի քանի տասնյակ քրեական գործ են հարուցել, որոնք, կարծում եմ, որոշ ժամանակ անց հիմքերի բացակայության հիմնավորմամբ կկարճվեն»:

Պարոն Մարտիրոսյանը կարծում է, որ Նոր Հայաստանի ծավալած պայքարը տվել է որոշակի դրական արդյունքներ. «Դրականն այն էր, որ իշխանությունները չկարողացան կեղծել այս ընտրությունները եւ միջազգային հանրության կողմից, վերջապես, բացասական գնահատականի արժանացան այս ընտրակեղծիքները: ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը դրա մեծ ապացույցն է: Այս ամենը նաեւ Նոր Հայաստանի պայքարի արդյունքում է եղել»:

«Ժառանգության» փոխնախագահը սա հաղթանակ չի համարում, այլ ընդամենը ճանապարհի գնահատականներից մեկը. «Մենք ունենք նպատակ երկրում արմատական բարեփոխումներ կատարել, իշխանափոխություն իրականացնել, որը դեռեւս չենք հաջողել: Հայաստանում այլ ճանապարհ չկա, քան պայքարը»:

Արմեն Մարտիրոսյանը կարեւորում է Նոր Հայաստանի անդամ Գեւորգ Սաֆարյանի կալանավորման առնչությամբ «Human Rights Watch» միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության տված գնահատականը: Հարցին, թե իշխանությունը հաշվի կառնի՞ այս գնահատականը նա պատասխանեց. «Եթե պետական փոքրիշատե մտածողություն լինի պետք է դարձնեն»:

Արմեն Մարտիրոսյանի՝ ընտրական նոր օրենսգրքի մշակման վերաբերյալ մեկնաբանությունները կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031