Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում հայերի ջարդերից 26 տարի է անցել

Հունվար 13,2016 22:05

«Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված զանգվածային ջարդերից 26 տարի է անցել, սակայն մինչև այսօր այդ ոճրագործությունը միջազգային հանրության կողմից քաղաքական և իրավական գնահատական չի ստացել»,- ասում է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

1990 թվականի հունվարի 13-20-ը տասնյակ հայեր սպանվեցին: Հազարավոր հայեր ենթարկվեցին ծեծ ու ջարդի: Հայերի ունեցվածքը թալանեցին, իսկ նրանց արտաքսեցին: Երբ զտումն ավարտվեց, ժամանակին մոտ 200 հազար հայ բնակչություն ունեցող քաղաքում գրեթե հայ չմնաց. «Հայերի՝ 1905 թվականից սկսված զանգվածային ջարդերն ի վերջո բերեցին ադրբեջանահայության մեծ ցեղասպանությանը: Այդ հանցագործության հիմնական կազմակերպիչներն ու դերակատարները Ադրբեջանում հերոսացվում են: Այնտեղ մինչև այժմ հայ սպանելը համարվում է ոչ թե հանցագործություն, այլ հերոսություն և յուրաքանչյուր ադրբեջանցու սրբազան պարտքը: Նախկին ջարդարարների ու մարդասպանների օրինակով Ադրբեջանում սերունդներ են մեծանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Գ. Այվազյանը:

Ըստ նրա՝ այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախում կողք կողքի չեն կարող ապրել հայն ու ադրբեջանցին:

Նա ցավով նկատեց, որ Հայաստանում, չնայած գործադրվող հսկայական ջանքերին, ադրբեջանահայերի բնակարանային ու սոցիալական մյուս խնդիրները դեռևս չեն ստացել պատշաճ լուծումներ:

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը 2015-ին գրանցված միակ նվաճումը համարում է փախստականների մասին օրենքում կատարված որոշ փոփոխությունները. «Դրանք բավականին դյուրացնում են ՀՀ-ում փախստականների կեցության հարցը: Խոսքը անձը հաստատող փաստաթղթերում համապատասխան լրացումներ, հայերենով մատնանշումներ կատարելու մասին է: Ադրբեջանահայերի համար սա կարելի է համարել 2015 թվականի փոքրիկ, բայց կարևոր ձեռքբերումը: Իսկ ընդհանրապես Բաքվի հայ համայնքը շատ ծանր վիճակում է: 2015 թվականը ադրբեջանահայերի համար բավականին բարդ տարի էր»,- ընդգծեց ադրբեջանագետը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031