ՀՀ ոչ մի քաղաքացի չի կարող իր թոշակը ձևակերպել՝ առանց Հայաստանի ազգային արխիվ դիմելու և համապատասխան փաստաթղթեր ստանալու: Խոսքը վերաբերում է նաև Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիներին: Սակայն մարդիկ այսուհետև ստիպված չեն լինի Արխիվում հերթ կանգնել, որպեսզի թոշակի անցնելու համար փաստաթղթեր ստանան:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Հայաստանի սոցիալական ծառայության հետ մի ծրագիր ենք իրականացնելու, որի արդյունքում քաղաքացին ոչ թե Արխիվ կդիմի, այլ այն վայրը, որտեղից ստանալու է թոշակը, իսկ տվյալ սոցիալական ծառայությունն էլեկտրոնային համակարգով կդիմի Արխիվ»,- մանրամասնեց Ա. Վիրաբյանը:
Ազգային արխիվի տնօրենի փոխանցմամբ՝ օրենքը դեկտեմբերին արդեն ընդունվել է, և երեք ամսվա ընթացքում այս համակարգը կներդրվի Հայաստանում. «Սա քաղաքակիրթ ձև է, որը կարևոր է մեզ համար: Փաստորեն, աշխատանքային ստաժի, աշխատավարձի չափի մասին տեղեկանք ստանալու համար քաղաքացին այլևս չի գա Արխիվ, հերթերում չի սպասի և զերծ կմնա թղթային քաշքշուկներից»,- ասաց Ա. Վիրաբյանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Ազգային արխիվը վերջին տարիների աշխատանքում շեշտը դրել է երեք հիմնական ուղղությունների վրա՝ քաղաքացիների սպասարկում, փաստաթղթերի թվայնացում և արխիվային փաստաթղթերի հրապարակում՝ կապված հատկապես Հայոց ցեղասպանության հետ:
«Թվայնացնում ենք նաև վավերագրական կինոնկարներն ու լուսանկարները: Այս տարի կինոնկարների թվայնացումը կավարտենք»,- հայտնեց նա:
Ա. Վիրաբյանի տեղեկացմամբ՝ Ազգային արխիվն այս տարի ևս կհրապարակի արխիվային փաստաթղթեր, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը և Երկրորդ համաշխարհային պատերազմին: Նախատեսում է հրապարակել նաև Թուրքիայի հայկական վանքերի կալվածքների մասին փաստաթղթեր. «Գիտենք, որ Սիսի կաթողիկոսարանը կալվածքները վերադարձնելու նպատակով դատական գործընթացի մեջ է: 2016 թվականին կհրապարակվի գիրք (հայերեն և օսմաներեն), որտեղ կներկայացվեն Թուրքիայում գտնվող բոլոր վանքերի կալվածքների մասին բավականին արժեքավոր տեղեկություններ: Մենք ներկայացնելու ենք հենց թուրքական իշխանությունների կողմից տրված փաստաթղթերը՝ օսմաներենով գրված»,- ասաց Ա. Վիրաբյանը:
Դառնալով այլ երկրների արխիվների հետ համագործակցությանը՝ Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Ազգային արխիվն ավանդաբար շարունակում է համագործակցել այն երկրների հետ, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի մասին շատ նյութեր ունեն: Առաջին հերթին՝ Վրաստանը, Ռուսաստանն ու Իրանը: «Համագործակցում ենք նաև Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Սերբիայի և Լեհաստանի արխիվների հետ: Ֆրանսիայի հետ մենք իրականացնում ենք դեռևս նախորդ տարի մեկնարկած ծրագիրը, որը կշարունակվի մինչև 2018 թվականը»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ես, Ռուբեն Խաչիկի Պապոյանս ներկայումս ապրում և աշխատում եմ ՌԴ-ի Մուրմանսկ քաղաքում: Արդեն 60 տարեկան եմ և պետք է թոշակ ձևակերպեմ: Համապատասխան փաստաթղթեր ուղարկելով փորձեցի Հայաստանի ազգային արխիվից տեղեկանք ստանալ աշխատավարձի չափի վերաբերյալ: Արդյունքում ինձ բանավոր կերպով հայտնեցին, որ հետաքրքրող ժամանակահատվածի համար իմ կողմից հարցում արված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունները արխիվում բացակայում են: Խոսքը վերաբերվում է ПДСП Спитакстрой շինարարական կազմակերպությանը 1990 – 1992թթ և Главармводстрой ջրային տնտեսության և մելորացիայի վարչության Հայջրնախագիծ ինստիտուտին 1987 – 1990 թթ: Այդ կազմակերպությունները որքան ես տեղյակ եմ սեփականաշնորհվել են: Եթե հնարավոր է խնդրում եմ պատասխանել արդյոք կարող եմ տեղեկանքը ստանալ ազգային արխիվից և եթե ուրիշ արխիվ գոյություն ունի թող նշվի թե ուր դիմեմ:
Եթե ճիշտ հասցեով չեմ դիմել ներող կլինեք:
Կանխավ շնորհակալություն: