Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի հայտարարությունը նոր Ընտրական օրենսգրքի ընդունման կապակցությամբ

Հունվար 13,2016 20:02

Կեղծելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն, Հայաստանի իշխանությունները ներկայումս լծվել են նոր Ընտրական օրենսգրքի ստեղծմանը, որն իբր պետք է ապահովի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացումը «սահմանադրական նոր դրույթների» համաձայն:

Գործող իշխանության օրոք Հայաստանում անցկացված բոլոր համապետական ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, ոտնահարելով ժողովրդի կամարտահայտությունը, ինչի հերթական վառ ապացույցն էր անցյալ տարվա դեկտեմբերյան հանրաքվեն, որում, հակառակ Հայաստանի քաղաքացիների` հստակորեն արտահայտված կամքի, իշխանությունը գլխիվայր շրջեց իրական արդյունքը:

Հիմնական չարիքը, հետեւաբար, համակարգային ընտրակեղծարարությունն է, որի շնորհիվ,  անկախ կառավարման գործող սահմանադրական մոդելից եւ ընտրական համակարգից, վարչակարգը ապօրինաբար հռչակում է իշխող կուսակցության «հաղթանակը» ցանկացած ընտրություններում եւ հանրաքվեներում, իմաստազրկելով այդ գործընթացները:

Նոր ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը, ըստ այդմ, որեւէ իմաստ կունենա, եթե լուծվեն ընտրական գործընթացի օրինականության ապահովման հետ կապված գլխավոր հետեւյալ խնդիրները:

  1. Պետք է մաքրվեն ուռճացված ընտրացուցակները: Այդ նպատակով անհրաժեշտ է`

ա) միմյանցից տարանջատել բնակչության ռեգիստրն ու ընտրողների ռեգիստրն այն հաշվով, որ ընտրողների ռեգիստրում չընդգրկվեն հանրապետությունից երկարաժամկետ (վեց ամսից ավելի) բացակայող քաղաքացիները: Պահպանելով ընտրական իրավունքները, Հայաստանից վեց ամսից ավելի ժամկետով բացակայող քաղաքացիների քվեարկության իրավունքը պետք է իրացվի Հայաստան վերադառնալուն պես`առանձին ընթացակարգով,

բ) հաշվի առնելով միջազգային հանրության աջակցությունն ստացած` Վրաստանի 2011-2012 թվականների փորձը, ստեղծել իշխանությունների եւ ընդդիմության համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի ցուցակների ճշտման աշխատանքով:

  1. Ընտրությանը մասնակցած քաղաքացիների կողմից ստորագրված ցուցակները պետք է հասանելի լինեն ստուգումների համար` կամ հրապարակման ձեւով, կամ էլ ընտրությունների մասնակիցներին վերապահելով դրանք ընտրողաբար ստուգելու իրավունք:
  2. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնները և տեղամասային կենտրոնին հարող տարածքը պետք է տեսանկարահանվեն ինտերնետային տեսախցիկներով, ինչը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա հատուկ ստեղծված կայքի միջոցով ուղիղ հեռարձակմամբ հետեւել տեղամասերում ընթացող քվեարկությանն ու հաշվարկին:
  3. Բազմակի քվեարկության բացառման նպատակով կամ պետք է կիրառվի մատների թանաքոտման եւ ստուգման հուսալի մեխանիզմ, կամ, ինչն ավելի գերադասելի է, անցում կատարվի մի շարք երկրներում հաջողությամբ կիրառվող` մատնահետքով էլեկտրոնային քվեարկության ժամանակակից համակարգին: Այս առումով նախընտրելի է էլեկտրոնային քվեարկության այն համակարգը, որը ԵԱՀԿ աջակցությամբ ներդրվել է Ղրղզստանում և բարձր գնահատականի արժանացել ինչպես Ղրղզստանի ընդդիմության և ամբողջ հասարակության, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից:
  4. Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորվեն պրոֆեսիոնալ մասնագիտացման սկզբունքով` պետության կողմից և պետությունը պետք է ստանձնի ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:
  5. Սահմանել համայնքի ղեկավարի ուղղակի ընտրություն և վերականգնել համայնքի ղեկավարի անընդմեջ ընտրվելու իրավունքը մեկ կամ երկու ժամկետով սահմանափակող դրույթը:
  6. Նոր Ընտրական օրենսգիրքը մշակելիս հիմք ընդունել ԵԱՀԿ` նախկինում արված առաջարկները:

Նշված խնդիրները չլուծելը կնշանակի, որ իշխանությունները հրաժարվում են արդար եւ ազատ ընտրությունների անցկացման որեւէ հեռանկարից: Հանուն Հայաստանում ժողովրդավարության հաստատման, կոչ ենք անում բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին եւ միջազգային հանրությանը միավորվել այս նպատակների իրականացման շուրջ:

Հայ ազգային կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031