Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պատրիարք Կիրիլը կա՛մ պատմությունից անտեղյակ է, կա՛մ էլ նպատակաուղղված խեղաթյուրում է». Կիրո Մանոյան. (Տեսանյութ)

Հունվար 13,2016 19:30

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում հունվարի 7-ին սուրբծննդյան հարցազրույց էր տվել Դմիտրի Կիսիլյովին եւ խոսելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի մասին՝ Օսմանյան կայսրության օրինակն էր բերել՝ ասելով. «Օրինակ՝ վերցնենք թուրքական, Օսմանյան կայսրությունը: Այո՛, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել»:

Այս հայտարարությունը բնականաբար բացասական արձագանք էր ստացել մեր հայրենակիցների կողմից:  Եվ չնայած հայտարարությունից հետո պատրիարքի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Վոլկովան պարզաբանում էր տարածել, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ անփոփոխ է, բայց այդ պարզաբանումը եւս միանշանակ չի ընդունվում:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց. «Կարծում եմ, պատրիարքը ինչ-որ տեղ սխալվել է: Եթե չի սխալվել, շատ հստակ պատմությունը խեղաթյուրում է: Իրենց այդ հաջորդած բացատրությունը, եթե տեղադրել են իրենց կայքում, դա նշանակում է՝ իրենց մյուս ասածը սխալ է: Չի կարելի մի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչել, մյուս կողմից ասել, որ Օսմանյան կայսրությունում միշտ էլ լավ է եղել: Այնպես չէ, որ Օսմանյան կայսրության ամբողջ գործունեության ընթացքում միշտ քրիստոնյաների ջարդեր են տեղի ունեցել, բայց դա չի նշանակում, որ տեղի ունեցած ջարդերը պետք է անտեսել: Կարծում եմ, իր ճիգն ուրիշ էր, նա փորձում էր իսլամին չմեղադրել, ասել, որ անցյալում էլ իսլամի հետ քրիստոնյաները կարողացել են նորմալ ապրել, բայց իրականությունն այն է, որ ցեղասպանության ժամանակ, կամ ցեղասպանությանը ն ախորդած ջարդերի, սպանդների ժամանակ իսլամն օգտագործվել է: Մենք չենք ասում դա իսլամն է արել, բայց իսլամի անունով գործել են ե՛ւ իշխանավորներ, ե՛ւ կրոնավորներ: Այսօր էլ Մերձավոր Արեւելքում, երբ իսլամի անունով տեղի են ունենում նման ոճիրներ, դա չի նշանակում, որ իսլամն է մեղավոր, բայց իսլամի անունով անում են: Ինքը, ընդհակառակը, փոխանակ փորձեր տարբերություն դնել, պիտի ասեր, որ անցյալում էլ է եղել, հիմա էլ է լինում եւ ոչ թե այդ տարբերությունը, որը լրիվ հակասում է»:

Ըստ Կիրո Մանոյանի, պատրիարք Կիրիլի հայտարարությանը հաջորդած պարզաբանմամբ իրենք մեզ հանգստացրեցին, բայց դա միայն մեզ չէր վերաբերվում. «Օսմանյան կայսրության մեջ այդ վերաբերմունքը վերաբերում էր հույներին նաեւ, ասորիներին, սերբերին: Այս բոլորը հերքելն արդեն նշանակում է ուրիշ բան՝ կա՛մ պատմությունից անտեղյակ է պատրիարքը, կա՛մ էլ նպատակաուղղված ձեւով խեղաթյուրում է: Երկու դեպքում էլ ափսոս է պատրիարքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031